Մեր հակառակորդի պարտված հոգեբանության եւ ամենափոքր վտանգի ժամանակ հայրենի հողը լքելու որոշմանն ականատեսն են եղել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները: Բերքաբերը, որ հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտ գյուղերից մեկն է, ընդամենը 800 մետր հեռավորության վրա է հարեւան ադրբեջանական Մեզեմ գյուղից: Երկու գյուղերի բնակիչները կարողանում են տեսնել, թե ինչ է կատարվում դիմացի բն ակավայրում:

Մեկ շաբաթ առաջ, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը դեռ ուժեղ էր ադրբեջանական Մեզեմ գյուղի բնակիչները զանգվածաբար լքել են իրենց բնակավայրերը: Գյուղում հասարակական գործունեություն իրականացնող «Սահման» ՀԿ համահիմնադիր Ջորջ Տաբակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիները պատմել են, որ օրեր շարունակ դաշտերում չեն տեսել հարեւան գյուղի հովիվներին: Մի քանի օր անց գյուղացիներն ականատես են եղել, թե ինչպես են մեզեմցիները զանգվածաբար լքում իրենց բնակավայրերը' իրենց հետ վերցնելով միայն առաջին անհրաժեշտու թյան իրեր: «Սահմանին լարվածության հետեւանքով նրանք խուճապի էին մատնվել եւ լքում էին իրենց բնակավայրերը: Անգամ համացանցում տարածվեց մի տեսանյութ, թե ինչպես էին մեզեմցիները լացում ու խուճապահար փախչում' թողնելով իրենց բնակավայրը, իրենց տունը»,-պատմում է Ջորջ Տաբակյանը' հավելելով, որ իրականում հայկական կողմը պատասխանում էր հակառակորդի կրակոցներին եւ կրակում բացառապես ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «Բնակավայրերի ուղղությամբ կրակոց չկար, նրանց բնակարանները չէին տուժել, պարզապես նրանք լսել էին կրակոցների ձայնը»,- ասում է Ջորջ Տաբակյանը:

 

Վերջին երեք օրվա ընթացքում, երբ սահմանին իրավիճակը համեմատաբար հանգստացել է եւ կրակոցների թիվը նվազել է, մեզեմցիները հիշել են իրենց գյուղն ու ետ վերադարձել: «Գյուղ մտնող առաջին ընտանիքները ձեռքներին սպիտակ դրոշ էին պահել: Հետո նրանք այդ դրոշը տեղադրեցին գյուղում մի բարձր հատվածի վրա, որ Բերքաբերից նկատելի լիներ եւ այդպիսով ազդարարեցին, որ պարտված են եւ խնդրում են իրենց վրա չկրակել»,- ասաց Տաբակյանը' հավելելով, որ սահմանային լարվածության ժամանակ ինքը եղել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում:

 

«Երբ Երեւանում որոշ լրատվամիջոցներ գրում էին, որ սահմանամերձ գյուղերում մարդիկ վախեցած են, խուճապի մատնված, մենք գյուղում բնակիչների հետ մեղր էինք քամում ու մարդկանց անգամ մտքի ծայրով չէր անցնում, որ կարելի է լքել հայրենի գյուղը»,- ասում է Ջորջ Տաբակյանը' հավելելով, որ այժմ էլ գյուղում շարունակվում են հողագործական աշխատանքներն ու մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով: Նրա խոսքերով, թե Բերքաբերում, թե մնացած գյուղերում բնակիչներին անհանգստացնում են կրակոցներն ու սահմանային լարվածությունը, սակայն գյուղը լքելու ցանկություն որեւէ մեկի մոտ չի առաջանում: