Հնդկաստանից Հայաստան ներմուծված մեծածավալ և էժան դեղամիջոցները սկսել են խոչընդոտել տեղական արտադրանքի սպառմանը, հետևաբար' նաև դեղարտադրողների աշխատանքին:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նրա խոսքով, Հնդկաստանի համար հայկական շուկան հարմարավետ է վաճառքի տեսանկյունից: «Հնդկաստանը համաշխարհային դեղարտադրողների շարքում 6-րդ երկիրն է: Այնտեղ զարգացած են և’ դեղագործությունը, և’ դեղագործական մեքենաշինությունը: Հնդկաստանից արտահանվում են ամենավատորակ դեղերից մինչև ամենաբարձրակարգ դեղամիջոցները, և շատ դժվար է հասկանալ, թ ե որ կազմակերպությունն է որակյալ դեղ արտադրում: Դրա համար գործում է Հայաստանի փորձագիտական կենտրոնը, որի պարտավորությունն է հետևել դեղերի որակական հատկանիշներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Զաքարյանը: Նրա խոսքով, հնդկական դեղերը կենսահամարժեքության մասով շատ թույլ են, այսինքն' անհրաժեշտ է մի քանի կոճակ օգտագործել' ստանալու այն արդյունքը, որը ստանում ենք այլ դեղարտադրողի մեկ կոճակից: Դրանով է նաև պայմանավորված դրանց մատչելիությունը:

 

Դեղարտադրողնրի միության նախագահը նաև տեղեկացրեց, որ Հայաստանից Հնդկաստեն դեղամիջոցներ չեն արտահանվում, քանի որ այնտեղի շուկան չափազանց հագեցած է: Միևնույն ժամանակ, Հայաստանի համար շարունակում են վստահելի շուկաներ համարվել Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, իսկ վերջին շրջանում նաև Իրաքը, Եմենը և այլ պետություններ: