Սևանա լճում հանրային լողափերի բացումից ի վեր ջրափրկարարները ջրից անվնաս դուրս են բերել ջրահեղձ լինելու վտանգի տակ հայտնված 15 անձի: Այս տարի հանրային լողափերում մահացության դեպքեր չեն գրանցվել: Սևանում եղել է ջրահեղձման մեկ դեպք, երբ Վարդենիսի Կարճաղբյուր համայնքի տարածքում քաղաքացին նավակի վրայից ընկել է ջուրը և խեղդվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը նշեց, որ ջրահեղձման դեպքը եղել է չհսկվող տարածքում և ջրասուզակները 10 րոպե որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերել և ջրից դուրս են բերել քաղաքացու դին:

 

Արմեն Ճզմաչյանը Սևանա լճում հանգստացողներին խորհրուրդ է տալիս հետևել անվտանգության կանոններին: Մասնավորապես, նա խորհուրդ է տալիս ջուրը չմտնել ալկոհոլ և շատ սնունդ օգտագործած վիճակում, քանի որ նման դեպքերում մեծ է հավանականությունը, որ անձը կարող է ջրահեղձ լինելու վտանգի տակ հայտնվել: «Նաև խորհուրդ եմ տալիս նավակների և մոտորանավակների վրայից ջուրը չցատկել, քանի որ Սևանա լճի ջուրը, ի տարբերություն այլ լճերի և ծովերի, սառն է և տաք վիճակում ջուրը ցատկելը կարող է սպազմ առաջացնել, որն էլ կարող է հանգեցնել ջրահեղձման: Խորհուրդ ենք տալիս նաև հետևել ջրափրկարարների ցուցումներին, լողանալու ընթացքում չանցնել լողանշանները և ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Ճզմաչյանը:

 

Նա տեղեկացրեց, որ ջրափրկարարական ջոկատը համալրված է 37 փրկարարներով, որոնք ծառայություն են իրականացնում հանրային 3 լողափերում, Սևանի թերակղզու կենտրոնական կայարանի մոտակայքում գտնվող ափամերձ հատվածում, ինչպես նաև Հայրավանք գյուղի մոտ գտնվող «Գեղամա» հանգստյան գոտում, որտեղ հանգստանում են պատանի երկրապահների ակումբի անդամները:ց