Կոնգրեսը կա, գործում է, կենսունակ է, և դա փաստ է: Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Զոյա Թադևոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ iLur.am կայքին տված հարցազրույցը արդյոք մեսի՞ջ էր առ այն, որ դաշինքը դեռևս կենսունակ է և շարունակելու է պայքարը:

«Իհարկե, նման գնահատականներ բոլորս ենք տալիս, և Կոնգրեսի գործունեությունը չի ավարտվել, ՀԱԿ-ը կենսունակ է։ Ավելին՝ Կոնգրեսի ոչ կենսունակության մասին ավելի շատ հնչում են գնահատականներ իշխանական՝ հակառակորդ դաշտից, և դա սադրանքի շարքից է»,- հավելեց Զոյա Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Լևոն Տեր-Պետրոսյանն, անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթում Սասուն Միքայելյանի հոդվածին, որտեղ վերջինս քննադատել էր անձամբ Տեր-Պետրոսյանին՝ սխալ քաղաքական հաշվարկներ անելու համար, մասնավորապես, «մարտի դաշտից փախուստ» էր որակել ՀԱԿ-ի վերջին շրջանում վարած քաղաքականությունը և թեկնածու չառաջադրելը նախագահական ընտրություններում, հայտնել էր. «Եթե իշխանության դեմ պայքարը առաջադրվելու կամ չառաջադրվելու մեջ է, ապա պետք է ընդունել, որ Հայաստանում այդ առումով ամենաշատը պայքարել են Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը և Արտաշես Գեղամյանը, որոնցից յուրաքանչյուրը, եթե չեմ սխալվում, արդեն երեք-չորս անգամ է առաջադրվել»,- ասել է նա։

Ապա՝ ՀԱԿ առաջնորդը հաջողություն էր մաղթել բոլոր նրանց, ովքեր հավաստիացնում էին և են, որ միևնույնն է՝ Լևոնով, թե առանց Լևոնի, շարունակելու են պայքարը ավազակապետության դեմ և հավելել. «Ցանկանալով, սակայն, որ նրանք օր առաջ խոսքից անցնեն գործի»:

Զոյա Թադևոսյանը, պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կշարունակի՞ ակտիվ գործունեություն ծավալել և իր ազդեցությունը թողնել ՀՀ ներքաղաքական դաշտում, ասաց. «Միայն Լևոն Տեր-Պետրոսյանի անունն արդեն ազդեցություն է: Իհարկե, կշարունակի»:

Կոնկրետ հարցին, թե ինչ է անելու Կոնգրեսը փետրվարից հետո, երբ ընտրություններն արդեն անցած կլինեն, տիկին Թադևոսյանը չի կարող պատասխանել, քանի որ ասաց՝ «պետք է սպասենք, տեսնենք»:

Ամեն դեպքում, Զոյա Թադևոսյանը հավաստիացնում է, որ, անպայման, կլինեն զարգացումներ, այդ թվում՝ հանրահավաքներ, բողոքի ցույցեր ու անհանդուրժողականության ակցիաներ:

«Որովհետև այս իշխանություններին հանդուրժել հնարավոր չէ, այս իրավիճակն անտանելի է: Բայց ամենամեծ անվստահությունը կլինի այն, որ ուղղակի ընտրողները նստեն տանը և ընտրություններին իրենց մասնակցությունը ցույց տան ընտրություններին չմասնակցելով»,-ասաց Զոյա Թադևոսյանը՝ բացատրելով, որ տներում փակվելը կտա այն, որ իշխանությունները ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները կեղծելու հնարավորություն չեն ունենա:

«Չենք գնում, իրենց գործը դժվարացնում ենք։ Երբ չենք գնում, ցուցադրում ենք, որ այս իշխանություններին չենք վստահում: Իսկ եթե ընտրությունների ժամանակ աժիոտաժ չկա, մասնակցություն չկա, ամենուրեք ամայության, լռության վիճակ է, դա արդեն ակնհայտ, տեսանելի ցույց կտա, որ այս իշխանությունները ժողովրդի կողմից մերժված են»,-մեկնաբանեց ԿԸՀ նախկին անդամը:

ՀԱԿ անդամը հնարավոր է համարում, որ որոշակի հետընտրական ակտիվություն դրսևորվի նախընտրական պասիվություն ցուցաբերող այն ուժերի մոտ, որոնք տարբեր շրջաններում պոկվել են ՀԱԿ-ից, և անգամ կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ նրանք բոլորն իրար միավորվեն:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի հետ ակնհայտ տարաձայնություններ ունեցող Նիկոլ Փաշինյանը «պայքարը զրոյից սկսելու» իր թեզիսից հետո հանդես է եկել հանուն ազատ և երջանիկ Հայաստանի մղվող քաղաքացիական պայքարի հետագա կազմակերպման մասին քաղաքացիական փաստաթղթի նախագծով, որն առաջիկայում հանրությանը կներկայացվի:

Այստեղ էլ Զոյա Թադևոսյանը կարծիք հայտնեց, որ կոնսոլիդացման փորձեր միշտ էլ կարելի է անել, և եթե դա ստացվի, ապա միայն օգտակար կլինի հայաստանյան քաղաքական դաշտին:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, ապա ընդդիմադիր քաղաքական գործիչն ասաց. «Նիկոլը կոնգրեսական է, և ոչինչ չի նշանակում նրա քննադատությունը՝ Կոնգրեսի կողքին գործելու առումով: Դա քննադատություն է … ինքնամաքրման, վերանայման՝ Կոնգրեսի գործունեության ու մարտավարության»:

Զոյա Թադևոսյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց մամուլի այն տեղեկատվությունը, որ կա Կոնգրեսը կուսակցություն դարձնելու նախագիծ, ասելով՝ «մենք նման հարց չենք քննարկել», բայց ի պատասխան հարցի, թե հնարավոր համարու՞մ է ասաց. «իսկ ինչո՞ւ ոչ»: