«Mediamall.am»  կայքն առաջարկում է ծանոթանալ օրվա կարևոր նորություններին.


Իրադրությունն առաջնագծում

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

***

 

Սադրիչ հայտարարությունները չեն օգնում հակամարտության խաղաղ լուծմանը. Ջոն Հեֆերնը' Ալիևի թվիթերյան գրառման մասին

 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը դրական եւ օգտակար է գնահատում Սոչիում օգոստոսի 10-ին կայացած եռակողմ հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կրկին կհանդիպեն: «Օգտակար էր, որ երկու նախագահները վերահաստատեցին հակամարտություն ը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությունը: Նախագահների' Վիեննայում կայացած հանդիպումից հետո շատ երկար ժամանակ էր անցել: Սոչիի հանդիպումը երկար սպասված հանդիպում էր և հուսով ենք, որ առաջիկայում նրանք կրկին կհանդիպեն: Հիմնական հարցերի ուղղությամբ առաջընթացի համար մեզ անհրաժեշտ է առավել ակտիվ բանակցային գործընթաց»,- ասաց Ջոն Հեֆֆերնը:

 

Պատասխանելով հարցին, որ հայկական Զինված ուժերը մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդի 20 դիվերսիոն հարձակում են կանխել, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թվիթերյան իր միկրոբլոգում հանդես էր գալիս ռազմատենչ հայտարարություններով, մասնավորապես գրելով, որ նոր պատերազմի մեկնարկը մոտ է, դեսպանը խորհուրդ տվեց չդիմել գործողությունների, որոնք կարող են սրել իրավիճակը:

 

«Սադրիչ հայտարարություններն ու շփման գծի երկայնքով կատարվող հարձակումները մեծացնում են լարվածությունը կողմերի միջև և չեն օգնում հակամարտությանը խաղաղ լուծում տալու մեր ընդհանուր նպատակին: Անհրաժեշտ է, որ երկու կողմում էլ խստիվ հարգեն հրադադարը և զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը»,- ասաց դեսպանը:

 

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է եռակողմ հանդիպում' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպմանը կողմերը քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ու շեշտել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարություններին, Նախագահ Սարգսյանը հիշեցրել էր, որ ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձեւերից մեկն էլ հրադադարի ռեժիմի պահպանումն է, որը հարեւան պետությունը խախտում է գրեթե ամեն օր:

 

 

 

***

 

 

Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի. Գալուստ Սահակյան

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շահեկան է համարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ցանկացած հանդիպում՝ հաշվի առնելով, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, որդեգրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ուղին: Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Ադրբեջանը վերջ կտա իր սադրիչ քաղաքականությանը և փաստում, որ այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի, քանի որ վերջին օրերին հայկական բանակը ցույց տվեց, որ ամուր կանգնած է, իսկ հայ ժողովուրդն էլ մշտապես բանակի կողքին է: «Արմենպրես»-ը վերջին շրջանի սահմանային լարվածությունների, Սոչիում կայացած հանդիպման, Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանի սպանության, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության ու ԱԺ մեկնարկելիք նստաշրջանի վերաբերյալ զրուցել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարո՛ն Սահակյան, վերջին օրերին ադրբեջանական կողմը մի քանի անգամ դիվերսիոն ներթափանցման փորձեր ձեռնարկեց և, հանդիպելով հայկական կողմի լուրջ դիմադրությանը, կորուստներով հետ շպրտվեց: Ձեր կարծիքով ի՞նչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը:

-Կարծում եմ այդ հարցի պատասխանը հստակ ներկայացրել է հանրապետության Նախագահը: Կարծում եմ, որ նման գործողություններով Ադրբեջանը փորձում էր ներքին խնդիրներ լուծել: Պատահական չէր, որ միջազգային հանրությունը վերջին ամիսներին խոսքի ազատության և մարդու իրավունքների պահպանման առումով բավականին խիստ քննադատության էր ենթարկում Ադրբեջանին: Բնական է՝ այստեղ կարող էր ազդեցություն ունենալ նաև Թուրքիան, որտեղ այդ ժամանակ պատրաստվում էին նախագահական ընտրություններին: Թուրքիան փորձում է տարածաշրջանում իր լուրջ դերակատարումն ապահովել և այդ «ջրաղացին» ջուր պետք է լցնի նաև նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը: Համենայնդեպս՝ մեզ համար էլ դա փորձությունների մի ժամանակաշրջան էր: Արդյունքում հնարավոր եղավ միջազգային հանրության առջև հաստատել մեր պաշտպանունակության բարձր մակարդակը, ինչի մասին մենք միշտ խոսել ենք:

-Սահմանային լարվածությանը հետևեց Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ի՞նչ տվեց այս հանդիպումը կողմերին և ի՞նչ քայլեր են հաջորդելու հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին:

-Իհարկե կային բավականին լուրջ հարցեր, որ պետք է քննարկվեին: Պարզապես հանդիպումից առաջ առավել ակտուալ դարձավ սահմանային լարվածության խնդիրը, որը հրահրվել էր Ադրբեջանի կողմից: Կարծում եմ՝ ՀՀ Նախագահի' Սոչի կատարելիք այցի մասին նախօրոք հայտարարվել էր, ինչպես նաև հայտարարվել էր օրակարգը: Դա կապված էր լինելու հայ-ռուսական հարաբերությունների հետ, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության հետագա սցենարների հետ: Այնուհանդերձ, կարծում եմ, որ հանդիպումը նպաստեց, որ տրվի բոլոր այն հարցերի պատասխանները, որ մտահոգում էին մեր հանրությանը՝ կապված, թե՛ սահմանային լարվածության, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, թե հայ-ռուսական հարաբերությունների և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ:Շարունակությունն` այստեղ:

 

***

 

ԴԱՀԿ աշխատակիցը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ

 

Քաղաքացի Վլադիմիր Ռ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2014թ. հուլիսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը չնչին առիթով վիճաբանել է իր հետ: Վիճաբանության ընթացքում ԴԱՀԿ աշխատակիցը բռնություն է գործադրել իր նկատմամբ' դիտավորությամբ հարվածելով ոտքին, որի հետևանքով առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

 

Շիրակի մարզի Սարատակ գյուղում փայտե տնակ է այրվել

 

ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 14-ին' ժամը 04.53-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարատակ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարատակ գյուղի 2-րդ փողոցի Հարություն Մանուկյանի թիվ 16 փայտյա տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.36-ին, մարվե լ՝ 08.00-ին: Այրվել է փայտյա տնակը՝ ամբողջությամբ:

 

***

 

 

«Կանեփ-կակաչ-2014» միջոցառման շրջանակում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 36 դեպք

 

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 14-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 32 տոննա 646 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 45.1 կգ կակաչի կանաչ զանգված:

Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, հայտնաբերվել է թմրամիջ ոցների ապօրինի շրջանառության 36 դեպք:

Տնամերձ 176 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 663 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 4 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:

 

***

 

Իլհամ Ալիևի գործողությունները արժանի են դատապարտման. Washington Post

 

Երբ բռնապետը, ով անհանդուրժող է այլախոհների նկատմամբ, սկսում է իր շուրջը նկատել լրտեսների և դավաճանների, նշանակում է, որ եկել է ժամանակը զգուշանալու: Ներկայում նման իրավիճակ է Կենտրոնական Ասիայում գտնվող նախկին միութենական հանրապետությունում' Ադրբեջանում, որը թեև հարուստ է նավթով, սակայն աղքատ է ազատությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրված է Washington Post պարբերականի հրապարակած հոդվածում:

Պարբերականը գրում է, որ Իլհամ Ալիևի վարչակարգը բանտարկել է երկրի ամենաարդար մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն' պատմաբան Արիֆ Յունուսին, ովքեր մեղադրվում են դավաճանության, խարդախության, հարկերը չվճարելու, անօրինական գործունեություն ծավալելու մեջ: Washington Post-ը գրում է, որ Յունուսը, ով Բաքվում հիմնված Խաղաղության և ժողովդավարության ինստիտուտի տնօրենն է, զգալի ջանքեր է գործադրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանում առկա թշնամական տրամադրությունները հաղթահարելու համար: Այս նպատակով նա կազմակերպել է ադրբեջանցի և հայ մտավորականների փոխանակման և վստահության սերմանման ծրագրեր, ինչի համար էլ հետագայում նրան մեղադրանք է ներկայացվել լրտեսության վերաբերյալ: Քաղաքական հայացքների համար ձերբակալված տասնյակ մտավորականներից մեկն էլ Ռասուլ Ջաֆարովն է:

«Պարոն Ալիևը կարծում է, թե խելացի է վարվում' լռեցնելով իր քննադատներին այն ժամանակ, երբ Ուկրաինան իր վրա է բևեռել աշխարհի ուշադրությունը: Սակայն շատ բան է փոխվել խորհրդային ժամանակներից: Այլևս անհնար է ծածկել նման ոչ քաղաքակիրթ պահվածքը: Ձերբակալությունները հսկայական բողոքի ալիք են առաջացրել իրավապաշտպան և ոչ կառավարական կազմակերպությունների շրջանում»,-գրում է Washington Post-ը: Պարբերականն անհասկանալի է համարում, թե ինչպես մի պետություն, որն ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահի լիազորությունները, կարող է նման բռնություններ գործել: «Ալիևը ձգտում է հարգանքի արտասահմանում, սակայն նրա գործողություններն արժանի են դատապարտման: Լեյլա և Արիֆ Յունուսները պետք է անմիջապես ազատ արձակվեն: Եթե ոչ, ապա Եվրոպայի խորհուրդը պետք է հարց տա ինքն իրեն, թե որքան կարող է նախարարների հանձնաժողովի նախագահությունում հանդուրժել մի երկրի, որը հարգանք չունի անգամ մարդու տարրական իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ»,-եզրափակել է պարբերականը:

 

***

 

Մոսկվայի պետական համալսարանը մասնաճյուղ կունենա Հայաստանում

 

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Օգոստոսի 14-ի նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո մեկամսյա ժ ամկետում Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին պետք է ներկայացնել մասնաճյուղի գործունեությունը ֆինանսավորելու առաջարկություն ներկայացրած ներդնող կազմակերպության տվյալները: «Սահմանված կարգով և ժամկետներում պետք է առաջարկություն ներկայացնել ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի շրջանակում ֆինանսավորելու վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը:

 

***

 

Կարեն Պետրոսյանի գերեվարման և սպանության ապացույցները ներկայացվում են միջազգային կառույցներին. Տիգրան Բալայան

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Արմենպրես»-ի խնդրանքով կրկին անդրադարձավ Կարեն Պետրոսյանի' ադրբեջանական գերության մեջ սպանվելու հանգամանքին ու ԱԳ նախարարության արձագանքի մասին մամուլի հրապարակումներին:

Հարց. Մամուլում հրապարակումներ են եղել, թե արտգործնախարարությունը լռություն է պահպանում և չի արձագանքում Կարեն Պետրոսյանի' ադրբեջանական գերության մեջ սպանվելու հանգամանքին:

Պատասխան. Ցավալի է, որ նույնիսկ նման ողբերգությունը կարելի է օգտագործել շահարկումների նպատակով։ Սպանության օրն իսկ ԱԳՆ արձագանքել և խստագույն կերպով դատապարտել է այդ հանցագործությունը:
ՀՀ քաղաքացու գերեվարման, նրա հրապարակային նվաստացման և սպանության մասին ապացույցները և համապատասխան գնահատականները պատշաճ կերպով ն երկայացվում են միջազգային կազմակերպություններին և գործընկեր երկրներին:

 

***

 

Ի՞նչ է Էբոլայի վիրուսը և որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայելու համաճարակին

 

ՀՀ առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ նախազգուշական միջոցառումները Էբոլայի վիրուսի մուտքը երկիր կանխարգելելու համար: Նախարարությունը դիմել է Գյուղատնտեսության նախարարություն, որն արդեն կասեցրել է Աֆրիկայից վայրի կենդանիների' մասնավորապես կապիկների ներմուծումը Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը: «Հայաստանում չկան հիվանդության բնական պահոցը հանդիսացող հատուկ տեսակի չղջիկները, որոնցից վարակվում են կենդանիները և հետո մարդիկ: Առավելագույնը մեզ մոտ վարակի դեպք կարող է գրանցվել, երբ այլ երկրներում վարակված անձը ժամանի Հայաստան և այստեղ նոր նրա մոտ արտահայտվեն հիվանդության ախտանիշները, կամ էլ' աֆրիկյան երկրներից բերված վայրի կենդանիների միջոցով: Երկու դեպքում էլ Առողջապահության նախարարությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումները: Առաջին քայլը, որ պետք է անել' հանրությանն իրազեկելն է »,- մեկնաբանեց Ավետիսյանը:
Այդ նպատակով համապատասխան տեղեկատվություն է տրամադրվում ՀՀ առողջապահության նախարարության կայքի, Զանգվածային լրատվամիջոցների և հուշաթերթերի միջոցով, ինչպես նաև' բնակչության հետ հանդիպումների ժամանակ:
Բացի այդ, Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ԱՆ-ն աշխատանքներ է տանում զբոսաշրջային ընկերությունների հետ' իրազեկելու տուրօպերատորներին հնարավոր ռիսկերի մասին և խրախուսելով, որ իրենք էլ տեղեկացնեն զբոսաշրջիկներին: Արտասահման մեկնող քաղաքացիներին զգուշացվում է. «Հիվանդի հետ անմիջական շփման բացակայության դեպքում' վարակվելու վտանգ չկա, սակայն կասկածի դեպքում պետք է անհապաղ ահազանգել առողջապահական ծառայություններին և հեռու մնալ հիվանդից»:
Առոջապահության նախարարության մասնագետը հավաստիացրեց, որ հայ մասնագետները իրազեկված են և գիտեն ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել հիվանդության հայտնաբերման կամ դրա առկայության հավանականության դեպքում. ինչպես ախտորոշել հիվանդությունը, ինչպես մեկուսացնել հիվանդին և աշխատել նրա հետ: Իսկ Հայաստանի վիրուսաբանական և խորհրդատու լաբորատորիաները թույլ են տալիս ախտորոշել հիվանդությունը:
Հայաստանում Էբոլայի վիրուսի ներթափանցման հավանականությունը խիստ ցածր է
Հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 1976 թ. Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլի վիրուսն է, որն ունի 5 ենթատեսակ: Համաճարակի բռնկումները բնորոշ են Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի առանձին՝ արևադարձային անտառներին հարակից բնակավայրերին:
2014թ. մարտից համաճարակային իրավիճակը սրվել է Հարավային Աֆրիկայում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա-Լիոնեում։ Հունիսի 30-ից դեպքեր են արձանագրվել նաև Նիգերիայում:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների' ընդհանուր առմամբ հիվանդացել է 1711 մարդ, լաբորատոր հետազոտությամբ հիվանդությունը հաստատվել է 1070-ի մոտ, որոնցից 603-ը' մահվան ելքով։ Կասկածելի հիվանդների շրջանում արձանագրվել է 932 մահվան դեպք: Նշված երկրներում վարակված, սակայն այլ երկրներ մեկնած անձանց շրջանում ևս արձանագրվել են եզակի դեպքեր:
Հայաստանում Էբոլայի վիրուսով հիվանդ չկա: Ներթափանցման հավանականությունը խիստ ցածր է։ Մասնագետները հորդորում են չմեկնել աֆրիկյան նշված երկրներ:
Ինչպե՞ս է տարածվում վիրուսը
Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են: Այն մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից՝ նրանց հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել և այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով: Առավել հաճախ հիվանդանում են կապիկները և խոզերը: Մարդուց մարդու վարակը կարող է տարածվել արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների հետ անմիջական շփման կամ դրանցով աղտոտված առարկաների հետ շփման միջոցով, ինչպես նաև այս հիվանդությունից մահացածի դիակի հետ շփման ժամանակ։ «Թեև մասնագիտական գրականության մեջ քննարկվում է օդակաթիլային ճանապարհով տարածման հարցը, սակայն դեռ ապացուցված չէ»,- պարզաբանեց Ավետիսյանը:
Էբոլի տենդից առողջացածի օրգանիզմը մինչև 7 շաբաթ կարող է սերմնահեղուկի հետ վիրուսներ արտազատել արտաքին միջավայր: Մարդիկ վարակիչ են, քանի դեռ նրանց արյան կամ լորձային արտազատուկներում առկա են վիրուսներ:
Ախտորոշումը և բուժումը
Ծանր, սուր հիվանդություն է՝ մինչև 90 % մահաբերությամբ: Ընթանում է հանկարծակի տենդով, արտահայտված թուլությամբ, մկանացավերով, գլխացավով, կոկորդի ցավով, փսխումով, լուծով, ցանով, լյարդի և երիկամների ֆունկցիայի խախտումով, ներքին և արտաքին արյունահոսություններով: Մասնագետի խոսքով' կլինիկան միանգամից է դրսևորվում և նախանշաններ գրեթե չեն լինում: Բուժումը ախտանշանային է՝ հիմնականում ջրազրկման դեմ, հատուկ բուժում կամ լիցենզավորված պատվաստանյութով պատվաստում չկա:
ԱՀԿ-ի առաջարկները վիրուսի հայտնաբերման և կանխարգելման համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեպքը հայտարարել է որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ և հանդես եկել հետևյալ առաջարկություններով:
Բոլոր պետությունները պարտավոր են Էբոլայով վիրուսակիր երկրներ և ռիսկի գոտում գտնվող տարածքներ այցելող ճանապարհորդներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն հնարավոր ռիսկերի մասին, միջոցներ և խորհրդատվություն' այդ ռիսկերը նվազագունի հասցնելու համար:
Պետությունները պարտավոր են նաև պատրաստված լինել հայտնաբերելու, ուսումնասիրելու և վերահսկելու Էբոլայի վիրուսով վարակվածության դեպքերը, այդ թվում' որակյալ ախտորոշիչ լաբորատորիաներ ապահովել' հատուկ էբոլա վարակակիրների ախտորոշման համար:
Հասարակությունը պետք է պատշաճորեն տեղեկացված լինի Էբոլայի համաճարակի և վերակվածության վտանգները նվազեցնելու միջոցառումների մասին:
Պետությունները պարտավոր են պատրաստ լինել արագ կազմակերպել էբոլայով վարակակիրների տարհանումը և հայրենադարձությունը իրենց երկրներ:
Պատրաստեց' Սյունե Բարսեղյանը

 

***

 

Այս պահին որևէ երկիր Հակոբ Ինջիղուլյանին ընդունելու ցանկություն չի հայտնել

 

Ադրբեջանում գերեվարված Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու հարցով բանակցությունները շարունակվում են: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը: «Գիտեք, որ Հակոբ Ինջիղուլյանը համաձայնել է երրորդ երկիր տեղափոխվել: Այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Հակոբյանն ընդգծեց, որ այս պահին Հակոբ Ինջիղուլյանի մասին այլ բան չի կարող ասել, քանի որ բոլորը սպասում են՝ երբ կլինի այն երկիրը, որը պատրաստակամություն կհայտնի ընդունել նրան:

2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգ Ինջիղուլյանը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը' հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Հակոբ Ինջիղուլյանը տվել է իր համաձայնությունը երրորդ երկիր տեղափոխվելու հարցում:

 

***

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

 

Օգոստոսի 13-ին, ժամը 14.30-ին, «ԲՄՎ-325» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 16.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին, այնուհետև «Մերսեդես», «Նիսան Սանի» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաների:
«Օպել Աստրա»-ի վարորդը, 2 ուղևորները և «Ինֆինիտի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 22.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:Շարունակությունն` այստեղ:

 

 

***

 

Անորակ թռչնամիսը որևէ մանկապարտեզում չի օգտագործվել. քաղաքապետարան

 

«Էդվարդ Մխիթարյան» ԱՁ-ի կողմից մայրաքաղաքի 3 մանկապարտեզների անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նշված անհատ ձեռներեցի հետ, որպես մատակարարի, պայմանագիրը կնքվել է ս.թ. հուլիսի 10-ին: Վերջինիս կողմից առաջին մատակարարումը եղել է 2014թ. օգոստոսի 12-ին: Հարկ է նշել, որ իրականացված մատակարարմանը հաջորդած 20 րոպեների ընթացքում վերոնշյալ 3 մանկապարտեզներ են այցելել իրավապահ մարմինների աշխատակիցներ և կապարակնքել են սառցախցերում տեղավորված տվյալ ապրանքն ամբողջությամբ: Ավելորդ չենք համարում շեշտել, որ տվյալ ապրանքը որևէ մանկապարտեզում չի օգտագործվել:
Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել նշված մատակարարի հետ պայմանագրի լուծարման, պայմանագրով նախատեսված պատժամիջոցների կիրառման, ինչպես նաև վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (սև ցուցակ) ներառելու ուղղությամբ:

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի վերահսկողության, հանրակրթության վարչությունների, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից մանկապարտեզներում սննդի անվտանգությունն ապահովելու նպատակով պարբերաբար իրականացվում են անակնկալ ստուգումներ, ընտրանքային կարգով որոշակի սննդամթերքներից նմուշառումներ են կատարվում, որոնք ուղարկվում են նաև լաբորատոր փորձաքննության:

Երևանի քաղաքապետարան

 

***

 

Բախումների հետևանքով ուկրաինական Զուգրեսում 15 մարդ է զոհվել

 

Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի Դոնեցկի մարզի Զուգրես քաղաքում տեզի ունեցած բախումների ընթացքում զոհվել է 15 մարդ, այդ թվում' երեք երեխաներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել է Դոնեցկի մարզային առողջապահության վարչությունը:

Բացի այդ, նշվում է, որ չորեքշաբթի օրը քաղաքային ավտոկայանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ են ստացել ևս 19 հոգի:

Միևնույն ժամանակ, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության շտաբը այսօր հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերը մի քանի օր է հչթիռակոծման են ենթարկում Զուգրես քաղաքը:

 

***

 

Աշնանից կգործի Սիմֆերոպոլ-Երևան ավիաչվերթ

 

Մոտ ժամանակներս Ղրիմի իշխանություններն ավիափոխադրողների հետ համատեղ նախատեսում է ավիաչվերթեր իրականացնել դեպի Հայաստան և Իսրայել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ղրիմի տրանսպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անատոլի Ցուրկինը: Սիմֆերոպոլ-Երևան և Սիմֆերոպոլ-Թել-Ավիվ ուղղություններով չվերթերը, Ցուրկինի խոսքով, կբացվեն աշնանը:

Արդեն իսկ «Գրոզնի-ավիա» ավիաընկերությունը սկսել է իրականացնել Սիմֆերոպոլ-Ստամբուլ չվերթը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորահոսքը 2014թ-ի հուլիսին 2013թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 35 տոկոսով: Եթե 2013թ-ի հուլիսին «Զվարթնոց»-ի ծառայություններից օգտվել է 179 հազար 620 ուղևոր, ապա 2014թ-ի հուլիսի ցուցանիշը 242 հազար 98 է: Եթե 2013թ. հուլիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է:

Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

ՀՀ կառավարությունը 2013 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ հաստատեց Հայաստանում մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման հայեցակարգ-ծրագիրը, որը ենթադրում է անցում «Բաց երկնքի» քաղաքականությանը: Դրա շնորհիվ նախատեսվում է, որ մեր երկրի ՀՆԱ-ն կաճի 1.5 տոկոսով, ավիատոմսերի գները կնվազեն 10-ից 50 տոկոսով, կստեղծվի 20 հազար նոր աշխատատեղ, ուղևորափոխադրումները կաճեն 20-25 տոկոսով և այլն:

 

***

 

Հայաստանի եզդիներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել

 

Հայաստանի եզդիները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջել են հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որպեսզի հստակ իմանան՝ կայացվել է Իրաքի եզդիներին օգնություն ուղարկելու որոշում, թե ոչ:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սինջար» եզդիների միավորման նախագահ Բորիս Մուրազին նշեց, որ վարչապետի հետ հանդիպում այդպես էլ չի կայացել: Կառավարության շենքի մոտից եզդիները շարժվել են դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ հանդիպում են պահանջել դեսպանի հետ: «Այնտեղ էլ մեզ հայտնեցին, որ դեսպանն այդ պահին տեղում չէ»,- ասաց նա:

 

Եզդիները բողոքի ակցիա են անցկացրել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ նրանց ոչ ոք չի մոտեցել, իսկ պահակակետում հայտնել են, որ եթե նամակ ունեն դեսպանի համար կարող են թողնել արկղում: Այս պահին ակցիան ավարտվել է:

 

Հնարավոր է, որ առաջիկայում եզդիները ցույց անցկացնեն նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ: Բորիս Մուրազին նշեց, որ դա կախված կլինի այն բանից, թե ինչ որոշում կկայացնի ԱՄՆ-ն Իրաքի եզդիներին ռազմական օգնություն տրամադրելու և փախստականներին Իրաքից դուրս հանելու հարցում:

 

ՀՀ քննչական կոմիտեն Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ 



Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«2014 թվականի օգոստոսի 7-ին՝ Չինարի գյուղի բնակիչ Արտուշ Պետրոսյանից հաղորդում է ստացվել՝ որդու՝ Կարեն Պետրոսյանի անհետ կորելու վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Կ. Պետրոսյանը նույն օրը՝ առավոտյան ժամը 09-ի սահմաններում, գնացել է Չինարի գյուղին հարակից «Բարսեղի յալ» կոչվող հանդամաս՝ վառելափայտ բերելու և չի վերադարձել. Նա գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որից մեկ օր անց՝ օգոստոսի 8-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն տեղեկատվություն է տրամադրել Կ. Պետրոսյանի՝ գերության մեջ գտնվելու ընթացքում մահանալու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձել հայ գյուղացու գերեվարման վերաբերյալ համացանցում հայտնված տեսագրությունները, որոնցում առկա են նրա նկատմամբ բռնության գործադրման փաստեր։

Քննություն է կատարվում՝ պարզելու ՀՀ խաղաղ բնակչի գերեվարվելու հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում՝ նրա՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը։

Միջոցներ են ձ եռնարկվում բռնարարքի հեղինակների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 7-ին 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները' հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից: Այնուհետև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծակի անհայտ պատճառով մահացել է»:

Նախնական տվյալներով' Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Ներկայում Ադրբեջանի ՊՆ դատաբժշկական փորձագիտական եւ պաթոլոգոանատոմիական կենտրոնի Գյանջայի տարածաշրջանային բաժանմունքի փորձագետները, իբր, պարզում են հայ գերու մահվան իրական պատճառը: