Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում հայտնում է, որ պետական հաստատությունների համակարգչային ցանցերը լրտեսող հայտնի վիրուսի թիրախում են հայտնվել նաև Հայաստանում օտրարերկյա դեսպանատների կայքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով փորձագետի բլոգը, մարտ ամսից ի հայտ է եկել նոր վիրուս, որը հետևում է պետական ցանցերին:

 

Տարբեր ընկերություններ այդ վիրուսը կոչում են «Turla», «Ouroboros» և «Snake» անուններով։ Առաջին հրապարակումները եղել են բրիտանացիների կողմից, որոնք ժամանակի ընթացքում հարձակումների համար մեղադրեցին Ռուսաստանին' Ուկրաինայի «պետական և մասնավոր ցանցերի վարակման և գաղտնալսման մեջ»։

 

Նշվել է, որ «Snake» անունով վիրուսի կիբեր հարձակմանն են ենթարկվել ուկրաինական տասնյակ համակարգչային ցանցեր, ներառյալ' կառավարական: «Վիրուսի հեղինակներն անհայտ են, սակայն ենթադրվում է, որ այն ստեղծվել է GMT+4 ժամային գոտում, որի մեջ գտնվում է նաև Մոսկվան»,- ասվել է հրապարակումներում:

 

Մարտիրոսյանը, հիմնվելով ինֆորմացիոն անվտանգությամբ և ծրագրային ապահովմամբ զբաղվող ամերիկյան Symantec ընկերության հաղորդած տվյալների վրա, նշում է, որ կիբերհարձակման «զոհ» են դարձել Հայաստանում օտրարերկյա դեսպանատների կայքերը: «Վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ հարձակվողները մեծապես կենտրոնացած են եղել փոքր թվով երկրների վրա:

 

Հետագա հետաքննությունը բացահայտեց, որ սիստեմատիկ լրտեսության են ենթարկվել Բելգիայի, Ուկրաինայի, Չինաստանի, Հորդանանի, Հունաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Լեհաստանի և Գերմանիայի դեսպանատները&raq uo;,- ասվում է Symantec-ի հայտարարությունում: Թեև հաքերները հիմնականում կենտրոնացած են եղել Արևելյան բլոկի երկրների վրա, այնուամենայնիվ հարձակումներ են իրականացվել նաև' արևմտաեվրոպական երկրներից մեկի Առողջապահության նախարարության, Կենտրոնական Ամերիկայի երկրներից մեկի Կրթության նախարարության, ամերիկյան բժշկական կազմակերպության վրա:

 

 

Սակայն «Kaspersky» լաբորատորիայի տվյալներով' կիբերլրտեսության թիրախում են եղել ավելի քան 45 երկրների պետական, դիվանագիտական, ռազմական, գիտահետազոտական և հաստատություններ և դեղագործական ընկերություններ: