ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Հարրի Ռոբինսն ԱՄՆ կառավարության անունից հորդորել է Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել շարունակվող ձերբակալությունները և հալածանքները խաղաղ ակտիվիստների դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' օգոստոսի 14-ին ԵԱՀԿ Մշտական խորհուրդի նիստի ժամ անակ Վիեննայում ամերիկացի դիվանագետը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել մարդու իրավունքների հայտնի պաշտպան Լեյլա Յունուսովային և նրա ամուսնուն' Արիֆ Յունուսին, ովքեր ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ուղղված ժողովրդական դիվանագիտության ու մարդկանց շփումներին ուղղված ծրագրերում:

 

Նշվել է, որ ամուսինները լուրջ առողջական խնդիրներ ունեն: Ավելին, մտահոգիչ հանգամանքներում վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել և կալանավորել են հասարակական ակտիվիստներ և իրավապաշտպաններ Ինտիգամ Ալիևին, Ռասուլ Ջաֆարովին և Էմին Հուսեյնովին:

 

«Սրանք միայն մի քանիսն են բազմաթիվ դեպքերից, որոնք մեծ հիսաթափություն են պատճառում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին պահպանել օրենքի գերակայությունը, հարգել մարդու իրավունքները և դադարեցնել հետապնդումները խաղաղ քաղաքացիական հասարակությաներկայացուցիչների դեմ»,- հայտարարել է Հարրի Ռոբինսը:

 

Օգոստոսի 8-ի երեկոյան Բաքվում ձերբակալվել է «Իրավական լուսավորման միություն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ինտիգամ Ալիևը. նրա դեմ ներակայացվել է շինծու մեղադրանք: Ինտիգամ Ալիևը խանգարում էր իշխանություններին, քանի որ պաշտպանում էր բազմաթիվ ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների: Նա չորրորդ իրավապաշտպանն է, ով շինծու մեղադրանքով կալանավորվել է Ադրբեջանում վերջին երկու շաբաթվա ընթացքում:

 

Ավելի վաղ' հուլիսի 30-ին, ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է 59-ամյա Լեյլա Յունուսովային' նրան մեղադրելով «Ադրբեջանի դեմ հայերի հետ համագործակցելու» մեջ: Օրեր անց նույն մեղադրանքով ձերբակալվել է նրա ամուսինը' ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսը: