Մոսկվայի քաղաքային դատարանը կալանքի տակ Է թողել գործարար Լեւոն Հայրապետյանին, ով մեղադրվում Է վատնման եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների լվացման մեջ: «Բասմանյան դատարանի որոշումը' կալանավորումը որպես Լեւոն Հայրապետյանի խափանման միջոց ընտրելու մասին, թողնել առանց փոփոխության, պաշտպանության վերաքննիչ գանգատն՝ առանց բավարարման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասված Է Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման մեջ:

 

Նիստից հետո Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը դատարանի վճիռը համարել Է «աղաղակող»: «Նա մեղադրվում Է մի հոդվածով, ըստ որի' չի կարելի կալանքի տակ վերցնել (ՌԴ-ի Քրեական օրենսգիրք 174.1), ուստի դա աղաղակող խախտում Է: Ես կարող եմ քննչական մեկուսարանում նրա գտնվելը բացատրել սոսկ այն բանով, որ ստացվել Է ինչ-որ հզոր պատվեր»,- ասել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Դատական նույն նիստի ժամանակ հայտարարվել է, որ հետաքննությունն ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են Լեւոն Հայրապետյանի մասնակցությունը դրամական միջոցների վատնամանը եւ լվացմանը: «Հայրապետյանի մոտ կատարված խուզարկության ընթացքում առգրավվել են փաստաթղթեր, որոնք անմիջականորեն վկայում են նրա մասնակցությունը հանցագործության կատարմանը»,- ասել Է նա: Թե հատկապես ինչ փաստաթղթերի մասին Է խոսքը, քննիչը չի հայտնել:

 

Հետաքննության ներկայացուցիչը խնդրել Է մերժել մեղադրյալի համար պատժի ավելի մեղմ միջոց ընտրելու՝ պաշտպանների պահանջների բավարարումը: Նրա խոսքով՝ Հայրապետյանն ունի զգալի ֆինանսներ, կապեր, անշարժ գույք արտասահմանում, ուստիեւ կարող Է օգտվել դրանից, որպեսզի թաքնվի, ճնշում գործադրի գործի մյուս մասնակիցների վրա, ինչպես նաեւ այլ եղանակով խանգարի հետաքննության ընթացքին: