Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքից ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով Հայաստանում հյուրընկալվող 50 ծպտյալ հայերը պատմական Հայաստան են վերադառնալու տոգորված միասնականության գաղափարով:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Դիարբեքիրի հայ համայնքի ներկայացուցիչ Օհաննես Օհանյան (Գաֆուր Թուրքայ), ով երրորդ անգամ է այցելում Հայաստան: Նրա խոսքով, նախաձեռնությունը մասնավորապես կարևոր էր Թուրքիայում բնակվող հայերի մի հատվածի և հայության մյուս մասի հետ իննսուն տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին խզված կապը վերականգնելու և վերամիավորվելու տեսնակյունից:

 

«Հայաստանում գտնվելու տասնհինգ օրում տեսանք, որ ն ույն նպատակներն ունենք համախմբվելու և միասնականությունը պահապնելու համար և Տիգրանակերտ այս գիտակցումով ենք վերադառնում»,- ասաց նա:

 

Այցը Հայաստան հնարավորություն է տալիս նաև վերականգնել կորսված կապերը իրենց ազգականների հետ: «Ցեղասպանության տարիներին մեր ողջ ընտանիքը կոտորվել է, և միայն երեք երեխա են կարողացել փրկվել: Նրանցից մեկին մայրը կարողացել է իր հետ Սիրիա տանել, որտեղից էլ ի վերջո եկել և Հայաստանում են հաստատվել:

 

Իսկ մյուս երկու եղբայրները կարողացել են գոյատևել Արևմտյան Հայաստանում բռնի իսլամանափոխ լինելով: Առաջին անգամ Հայաստան գալով' շատ տպավորված և կրկնակի զգացված էի, քանի որ կարողացա գտնել և ծանոթանալ Հայաստանում բնակվող հորեղբորս ընտանիքի հետ», - պատմեց Օհանյանը:

 

Ժամանակակից Թուրքիայի տարածքում բնակվում են 2-4 մլն ծպտյալ հայեր, իսկ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, նրանց թիվը հասնում է մինչև ութ միլիոնի: Դիարբեքիրը համարվում է Թուրքիայի քրդաբնակ շրջաններից մեկը, ուր ապրում են նաև մեծ թվով ծագումով հայեր, ովքեր միայն վերջերս են սկսել հայտնել իրենց իրական էթնիկ ծագման մասին:

 

Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը նշեց, որ ««Արի տուն» ծրագիրը թեև սկզբնական շրջանում հակասական արձագանք ստացավ հասարակության և լրատվամիջոցների շրջանակում, սակայն տարիները ցույց տվեցին, որ արդյունավետորեն խթանում է շփումը Սփյուռքի և Հայաստանի 13-17 տարեկան պատանիների և աղջիկների միջև:

 

«Այս անգամ առաջին անգամ «Արի տուն» ծրագրով հրավիրել ենք թուրքահայերի' անկախ կրոնական պատկանելությունից, ում համար որոշվեց վերացնել տարիքային սահմանափակումը: Ծրագրով ժամանած դիարբեքիրցի հայերի մեջ անգամ մինչև 78 տարեկան մարդիկ կան»,- ասաց Սրապիոնյանը:

 

Օգոստոսի 5-ին Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կայացել է «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած ծպտյալ հայերից երկուսի մկրտությունը: Էջմիածնում մկրտվելու որոշում էին կայացրել Ռահիմ Կարաքաշն ու Ստեփան Չելիքը, ովքեր մկրտվելուց հետո ստացան Անժել ու Ստեփան անունները: