Քեսաբի Սբ. Աստվածածին եկեղեցում օգոսոստի 17-ին մատուցվել է Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված սուրբ պատարագ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, նախօրեին' օգոստոսի 16-ին, Բերիոյի Հայոց թեմի Բարեջան Առաջնորդ Գերշնորհ Տեր Շահան Սբ․Արքեպիսկոպոս Սարգիսյանի հովանավորությամբ եւ ներկայությամբ տեղի է ունեցել Քեսաբի Ս․Աստվածածին եկեղեցու վերաօծումը: Արարողությանը մասնակցել են Ազգային վարչության, քահանայից դասի ներկայացուցիչները, ինչպես նաև հավատացալ ժողովուրդը:

 

Սրբազան հայրն իր քարոզի ժամանակ մխիթարական խոսքերով հուսադրել է ներկաներին։ Հավատացյալ ժողովուրդը ուրախության եւ հույսի արցունքներով է ունկնդրել քարոզն ու հոգեպարար արարողությունը։ Քարոզի ավարտին տեղի է ունեցել աղի օրհնության արարողություն, ապա երիտասարդներն աշխատանքի են լծվել' տոնական մթնոլորտի մեջ պատրաստելու ավանդական հարիսան։