ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդհատել է իր արձակուրդը և վերադարձել Սպիտակ տուն։ Մայրաքաղաքում նա կանցկացնի 2 օր, որտեղ մի շարք գործնական հանդիպումներ իրականացնելուց հետո կվերադառնա իր հանգստին, որն անցկացնում էր Մարտաս Վինյարդ կղզում'իր ընտանիքի հետ, գրում է itar-tass-ը։

 

Օբաման իր օգնականների հետ կքննարկի Իրաքի, ինչպես նաև Միսուրի նահանգում ստեղծված իրավիճակը. մի քանի օր է ինչ չեն հանդարտվում սևամորթ դեռահասի սպանության հետ կապված բողոքի ակցիաները:

 

«Նախագահն ու փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կհանդիպեն Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ՝ Իրաքի հարցով նոր տեղեկատվություն ստանալու նպատակով»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

 

Օբաման նաև նամակ է հղել Կոնգրեսի ղեկավարին, որում կարգադրել է ռմբակոծել Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դիրքերը, որն իր երկրի ազգային անվտանգության շահերից է բխում։