Թուրքիան պաշտոնական մակարդակով բացատրություն է պահանջում Գերմանիայի իշխանություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, գերմանական արտաքին հետախուզական ծառայությունների կողմից' Թուրքիայում գաղտնալսումներ իրականացնելու կապակցությամբ հայտարարություն է արել արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

 

«Մենք բացատրություն ենք ակնկալում գերմանական իշխանություններից»,- հայտարարել է Դավութօղլուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս նույն խնդրով Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Փոլը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:

 

Ֆրանկֆուրտի կիրակնօրյա պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ Թուրքիան ներառվել է գերմանական արտաքին հետախուզական ծառայությունների կողմից հետևվող «գլխավոր երկրների» շրջանակի մեջ, իսկ այդ երկրների նկատմամբ կիրառվող հետախուզական միջոցների թվում են նաև գաղտնալսումները: Այս տեղեկությունը պարբերականին հաստատած' կառավարությանը մոտ կանգնած պաշտոնյան, ով չի ցանկացել բացահայտվել, հայտնել է, որ Թուրքիայի ներսում տեղի ունեցող զարգացումները ներքին անվտանգության տեսանկյունից հետաքրքրում են Գերմանիային:

 

Նա հիշեցրել է, որ Թուրքիայից եկող Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները, ծայրահեղ ձախակողմյան և աջակողմյան կազմակերպությունները Գերմանիայում զբաղվում են թմրամոլությամբ և մարդկանց առևանգելով: Պաշտոնյան ընդգծել է նաև, որ թուրքական կառավարությունը Գերմանիայում գործող թուրքական կազմակերպությունների միջոցով աշխատում է տարբեր քաղաքական նպատակներ կյանքի կոչել այդ երկրում: