Շիրակի մարզի Ալվար համայնքում օգոստոսի 17-ին տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածու՝ չաշխատող Սամվել Փայլակի Նանայանը և Ալվարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վոլոդյա Հակոբի Սուքիասյանը: Առաջադրված երկու թեկնածուներն էլ ՀՀԿ անդամ են և ինքանաառաջադրված:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից, Ալվարում՝ մարզի թիվ 33/1 ընտրատեղամասում, ընտրություններն անցել են առանց միջադեպերի:

 

Համայնքի 225 ընտրողից ընտրությանը մասնակցել է 98 ընտրող, 5 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ըստ նախնական տվյալների Սամվել Փայլակի Նանայանի օգտին է քվերակել 37 ընտրող, Վոլոդյա Հակոբի Սուքիասյանի օգտին՝ 56-ը:

 

Ալվարում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացվեցին նախկին ղեկավար՝ 53-ամյա Արտավազդ Մկրտչյանի ողբերգական մահվան պատճառով: Վերջինս մայիսի 2-ին դանակահարել էր կնոջն ու հարսին ու իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով ձորը գլորվել, ինչի արդյուքնում մեքենան հրկիզվել էր, գյուղապետը ստացված կյանքի համար անհամատեղելի այրվածքների պատճառով մահացել:

 

 

Արմենուհի Մխոյան