Կիբեռհանցագործությունն արդիականության առավել սուր հիմնախնդիրն Է եւ համաշխարհային տնտեսությանը տարեկան հասցնում է 400 միլիարդ դոլարի չափով վնաս, օգոստոսի 19-ին հայտարարել է Բիշքեկում Եվրակազմակերպության կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Ջոն ՄաքԳրեգորը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Օգոստոսի 19-ին Ղրղզստանի Իսիկ Կուլ բարձրլեռնային լճի ափին ԵԱՀԿ-ի հովանու ներքո տեղի Է ունենում «Հանցագործությունները կիբեռտարածությունում եւ հանցավոր եկամուտների լվացումը» միջազգային համաժողովը, որին մասնակցում են Կենտրոնական Ասիայի հանրապետությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Բելառուսի ֆինանսական հետախուզությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը նաեւ մասնակցում են փորձագետներ Եվրամիությունից եւ ԱՄՆ-ից, ինչպես նաեւ Ասիայի եւ Եվրոպայի երկրների ֆինանսական եւ բանկային կառույցների ներկայացուցիչներ:

 

«Այսօր կիբեռհանցագործությունը վիթխարի բացասական ներգործություն Է ունենում աշխարհի երկրների տնտեսական եւ սոցիալական զարգացման վրա: Կիբեռհանցագործությունն աշխարհի տնտեսության վրա տարեկան նստում Է ավելի քան 400 միլիարդ դոլար: Միայն վերջին տարում կիբեռհանցագործները գողացել են շուրջ 300 միլիոն մարդու անձնական տվյալներ: Հակազդումը կիբեռհանցագործությանը եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացմանը յուրաքանչյուր երկրի տնտեսական եւ սոցիալական կայունության եւ ֆինանսական համակարգի ամբողջականության անկապտելի բաղկացուցիչ մասն Է»,- հայտարարել Է ՄաքԳրեգորը, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: