Թուրքիայի ժանդարմերիան այսօր առավոտյան ջարդել է Դիարբեքիրի Լիջե գավառի Յոլաչթը գյուղում թուրքական զինված ուժերի եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների միջեւ 1986 թվականին տեղի ունեցած բախումներում զոհված քուրդ հրամանատար Մահսում Քորքմազի արձանը, որը օրեր առաջ տեղադրվել էր զոհված քուրդ զինյալների գերեզմանատանը:

 

Ժամդարմերիան գործել էր թուրքական դատարանի ընդունած որոշման համաձայն, որով վճռվել էր քանդել արձանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական T24 լրատվական կայքը, արձանի քանդումը կանխելու նպատակով գերեզմանատան տարածքում հավաքված բազմության եւ 250-ից ավելի ժանդարմների միջեւ բախում է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 24-ամյա քաղաքացի Մեհդի Թաշքընը, եւս երկու քուրդ երիտասարդներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Թուրքական ԶԼՄ-ները այդ բախման վերաբերյալ հրապարակել են թուրք զինվորի' տապալված արձանի գլխին ոտքը դրած պատկերով լուսանկարներ:

 

Թուրքիայի քրդական «Դեմոկրատական տարածաշրջանների կուսակցությունը» (DBP) Մահսում Քորքմազի արձանի ապամոնտաժման կապակցությկամբ տարածած հայտարարության մեջ նշել է, որ արձանը քանդելու տեսարանը քրդերին հիշեցրել է «1990-ականներին տեղի ունեցած թուրք-քրդական պատերազմը, երբ թուրքական ԶԼՄ-ները հրապարակում էին զոհված քրդերի գլխին թուրք զինվորի ոտքը դրած լուսանկարներ:

 

«Թուրքիայի մտածողությունը քրդական հարցում որեւէ փոփոխության չի ենթարկվել այս 25 տարիների ընթացքում», -նշել է DBP-ն: