Հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օգոստոսի 18-ին' ժամը 06.35-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի վերին աջ կեսի հետին պատի և որովայնի առաջնային ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995թ. ծնված Էդուարդ Օ.-ն:

 

Վերջինս, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը' ժամը 02.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի դիմաց Էդուարդ Օ.-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել 1992թ. ծնված Խաչիկ Դ.-ն, որը նույն օրը' ժամը 11.30-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

 

Խաչիկ Դ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: