Ծաղկաձորում կայացած «Բազե 2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողության շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը հանդիպել է «Կոտայք» ջոկատը ներկայացնող երիտասարդներին:

 

Շնորհավորելով բազեականներին հավաքի մեկնարկի առթիվ՝ Կոտայքի մարզպետը ևս մեկ անգամ անդրադարձել է հավաքին ակտիվորեն մասնակցելու կարևորությանը, ինչպես նաև մարզպետարանի հատուկ ուշադրությանը ' մարզի երիտասարդությանը վերաբերող հարցերին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ծաղկաձորում երիտասարդ բազեականների հետ հանդիպման ավարտին ՀՀ Կոտայքի մարզպետը զրուցել է նաև հավաքին մասնակցող լրագրողների ջոկատի, ինչպես նաև հավատարմագրված մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

 

Զրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին' մարզպետն անդրադարձել է պաշտոնավարման այս ընթացքում իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ պարբերական բնույթ կրող համայնքային այցելություններին, տեղում խնդիրներին ծանոթանալու և վերջիններիս հրատապ լուծումներ տալու գործընթացներին, ինչպես նաև մարզային տարբեր ոլորտներում իրականացվող շարունակական աշխատանքների ընթացքին:

 

Հարցազրույցի շրջանակներում Կոտայքի մարզպետը, ի թիվս այլ բնագավառների, անդրադարձել է նաև մարզում ընթացող գյուղատնտեսական աշխատանքներին՝ նշելով այս պահին արդիական համարվող հացահատիկային մշականույսերի բերքահավաքի ցուցանիշները, որը միջինում կազմել է 25-27 ց/հա:

 

Այս հատվածում մարզպետը կարևորել է նաև գյուղացիական տնտեսություններին պարբերաբար աջակցություն ցուցաբերելու հանգամանքը, որը համարվել է վերջին ամիսների մարզային գործընթացների հիմնական բաղադրիչը' սկսած ոռոգման ջրի անխափան մատակարարման ապահովումից մինչև տարաբնույթ օժանդակող նախաձեռնություններ:

 

Կարևորելով գյուղատնտեսական ոլորտին ցուցաբերվող աջակցությունն' Հարությունյանը խոսել է նաև մարզի մի շարք համայնքներում շուրջ մեկ տասնյակ հակակարկտային կայանների տեղադրման գործընթացի վերաբերյալ, որը ևս կնպաստի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը:

 

Գյուղատնտեսության բնագավառի մասին խոսելիս' Կոտայքի մարզպետն ընդգծել է մարզում ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարները և մանրամասնել, որ այս ասպարեզի դրական տեղաշարժերից առավել հատկանշական է փակ գրունտի եղանակով բանջարեղենի արտադրության ավելացումը:

 

Մարզպետի կողմից հրապարակված ցուցանիշների համաձայն' Ձորաղբյուր համայնքում 2014 թվականին 4 տնտեսվարող սուբյեկտների կողմից կշահագործվի 7.4 հա ջերմոցային տնտեսություն, իսկ մարզում ընդհանուր առմամբ ջերմոցների քանակը 2014 թվականին կավելանա ևս 8 հա-ով /Գողթ, Արամուս, Ակունք համայնքներում/, այն այսօր կազմում է 26.5 հեկտար, որից բանջարեղենի արտադրությանը բաժին է ընկնում' 15.7 հա, իսկ ծաղիկներինը' 10.8 հա:

 

Հարությունյանը նշել է նաև, որ նորագույն առաջնակարգ տեխնոլոգիաներով կառուցված և բազմափորձ մասնագետներով ապահովված «Էկոտոմատո» ՓԲԸ- ին, &laquo ;Բիո Գրուպ», «Մավաս Գրուպ», «Կագա Գրուպ» ՍՊԸ-ներին պատկանող ջերմատնային տնտեսություններում արտադրված բանջարեղենը և ծաղիկները, բացի տեղական շուկայում իրացվելուց, արտահանվում են նաև Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան և այլ երկրներ:

 

Անդրադարձ կատարելով մարզային աշխատանքների շարունակականությանը' Կոտայքի մարզպետն ընդգծել է, որ պաշտովարման առաջին իսկ պահից մարզի համայնքների զարգացման հեռանկարային ծրագրերին զուգահեռ իր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են եղել կրթության և առողջապահության ոլորտներն իրենց ամբողջական գործառույթներով:

 

Այս պահին մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են հիշյալ բնագավառներում գործող կազմակերպությունների աշխատանքներին նորովի արդյունավետություն հաղորդելու ծրագրերի մշակման գործառույթներ' այդ ծրագրերը լավագույնս ներդնելու նպատակով դիտարկելով նաև աշխատակիցների վարձատրության բարձրացման հնարավորությունները:

 

Պատասխանելով լրագրողների հարցերին' Կոտայքի մարզպետը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից մարզի համայնքների հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակներում այս պահին իրականացվում են համապատասխան շինարարական աշխատանքներ. արդյունքում' կհիմնանորոգվեն 15 դպրոցներ, և մի շարք համայնքներում կկատարվեն ասֆալտապատման աշխատանքներ:

 

Այս աշխատանքները գտնվում են Կոտայքի մարզպետի ամենօրյա ուշադրության կենտրոնում և շինհրապարակներ կատարվող պարբերական այցելությունների ընթացքում շինարարներին մարզպետի կողմից տրվում են առավելագույնս որակյալ շինարարություն իրականացնելու հստակ հանձնարարականներ:

 

Կոտայքի մարզպետի աշխատանքների մաս են կազմել նաև մարզի բնակիչների սոցիալական խնդիրները. տարբեր հանդիպումների և քննարկումների արդյունքում հրատապ լուծումներ են տրվել ազգաբնակչության կողմից բարձրացվող ամենատարբեր հարցերի, որոնք ներառել են ֆինանսական օգնություններից մինչև առողջական, բնակարանային, հողային հարաբերությունների, զբաղվածության և այլ ամենատարբեր խնդիրներ:

 

Ամռան ամիսներին բավականին հագեցած է եղել նաև մարզի մշակութային և մարզական առօրյան. հանրապետական և միջազգային տարբեր մրցույթ-փառատոններից բացի, Կոտայքի մարզպետի նախաձեռնությամբ մարզում տեղի են ունեցել նաև մարզային մի շարք միջոցառումներ և անհրաժեշտ համալրումների է ենթարկվել մարզա-շակութային միջոցառումների տարեկան ծրագիրը' մարզում նորովի ավանդույթներ կերտելու և նոր որակի ձեռնարկներ կազմակերպելու նպատակով:

 

Կոտայքի մարզպետն այս ընթացքում հետևողականորեն կազմակերպել է նաև մարզի արտաքին շփումների գործընթացը, հանդիպումներ ունեցել ինչպես Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետների, այնպես էլ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ' նպատակ ունենալով լավագույնս ներկայացնել մարզի տնտեսության և հոգևոր-մշակութային արժեքների առանձնահատկությունները, եզրեր գտնել հետագա համագործակցության համար:

 

Ամփոփելով լրագրողներին տրվող պատասխանները' Կոտայքի մարզպետն ընդգծել է իր կողմից հրապարակային գործունեություն ծավալելու և լրագրողների հետ սերտ շփումների պատրաստակամությունն ու նշել, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից նոր մոտեցումներ են հաղորդվել մարզպետարանի պաշտոնական կայքի գործունեությանը և տեղեկատվության մատչելիության ասպարեզում չափազանց կարևոր այս գործիքն առաջիկայում ունենալու է նոր կատարելագործումներ: