Սեռով պայմանավորված աբորտները Հայաստանում մտահոգություն են առաջացրել: Մասնավորապես, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է սելեկտիվ աբորտների դեմ «Ֆլեշ մոբ», որին միացել են բազմաթիվ ծնողներ: Նրանք սոցիալական ցանցում տեղադրում են իրենց դուստրերի լուսանկարները և հպարտություն արտահայտում նրանց գ ոյությամբ:

 

«Ֆլեշ մոբ»-ի նախաձեռնողներից' չորս զավակի հայր Արամազդ Ղալամքարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ սեռով պայմանավորված աբորտների հարցում խնդիրն ավելի լայն է: «Բացի այն, որ կյանքից զրկվում են իգական սեռի բազմաթիվ երեխաներ, դրա պատճառով լուրջ առողջական խնդիրների առջև են կանգնում նաև կանայք. արձանագրվել են բազմաթիվ մահացության դեպքեր»,- նկատեց Ղալամքարյանը:

 

Արամազդն ունի երեք որդի և մեկ աղջիկ: Նրա խոսքով, այնպես չէ, որ արդեն ունի տղաներ ու դրա համար էլ «մեծ մեծ է խոսում» ու հանգիստ է: «Մեր աղջիկն իր ուրույն տեղն ունի մեր ընտանիքում: Ինձ համար' որպես հոր, աղկջա տեղը ոչ ոք չի կարող զբաղեցնել»,- նշեց չորս երեխաների հայրը:


ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով' սելեկտիվ աբորտների խնդիրը մեր երկրում արդիական է: «Տարեկան Հայաստանում արձանագրվում է սեռով պայմանավորված աբորտների 1500-2000 դեպք: 40-50 տարի անց մենք չենք ունենա մոտ 100 հազար մայր: Հաշվի առնելով ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում' մենք չենք կարող նման բացթողում մեզ թույլ տալ»,- ասաց Հայրապետյանը:

 

Նրա դիտարկմամբ' սելեկտիվ աբորտների հարցում առկա է նաև «հոգեբանական, մարդկային կողմ, երբ կյանքից զրկում ես պտղին' սեռի պատճառով»: «Դրա դեմ պայքարել է պետք: Այժմ ամենակարևորը մարդկանց մտածելակերպը փոխելն է և, այդ առումով, նմանատիպ ակցիաները, «ֆլեշ մոբ»-երը շատ կարևոր են հատկապես երիտասարդության շրջանում»,- նշեց Հայրապետյանը:

 

Միաժամանակ, մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Ֆեյսբուք»-ում նախաձեռնությունը մեծ արձագանք է գտել և դրա մասնակիցների թիվը գնալով ավելանում է:

 

Աշխարհի խոշոր դեմոգրաֆների մասնակցությամբ պատրաստված և միջազգային փորձաքննություն անցած ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2013 թվականի զեկույցը հաստատել է, որ Հայաստանում առկա է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երևույթը: Հետազոտության արդյունքում ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջին երեխայի պարագայում տղա/աղջիկ հարաբերակցության գործա կիցը կազմել է 104-107, ինչը համապատասխանում է կենսաբանորեն սահմանված միջին վիճակագրական ցուցանիշին (102-106) և վկայում է այն մասին, որ սեռի կանխորոշում և ընտրովի աբորտ 1-ին երեխայի դեպքում Հայաստանում գրեթե չկա, ինչը մեծ խնդիր է շատ այլ երկրներում, օրինակ' Չինաստանում կամ Հնդկաստանում: Սկսած 2-րդ երեխայից առկա է ցուցանիշի բարձրացման միտում (108 – 113): Սակայն իրավիճ ակը մտահոգիչ է 3-րդ և 4-րդ երեխաների դեպքում, երբ տվյալ ցուցանիշը կազմել է 160 և 170' հիմք տալով ենթադրելու, որ, հնարավոր է' այդ ժամանակ սեռերի ցանկալի կարգավորումն իրականացվում է հղիության արհեստական ընդհատմամբ, ինչը, բնականաբար, պոտենցիալ վտանգ է պարունակում հետագայում ժողովրդագրական անհավասարակշռության առաջացման տեսանկյունից:

 

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հունվարի 15-ին զեկույց է ներկայացրել' նշելով, որ հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները խտրականություն են եւ պետք է համարվեն քրեորեն պատժելի: Նա կոչ է անում մի շարք երկրների, այդ թվում' Հայաստանին, օրենսդրական մակարդակով, քաղաքականությունների մշակման միջոցով հասնել նման դեպքերի հնարավորի նս բացառման: Հանձնակատարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից սեռերի անհամաչափ հարաբերակցություն արդեն փաստագրված է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում, նաեւ Բալկաններում, առավել հաճախ' Ալբանիայում, եւ ավելի փոքր չափով հանդիպում են նաեւ Մոնտենեգրոյում, Կոսովոյում: