Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի նահանգի Լիջե քաղաքում թուրքական ժանդարմերիայի եւ բնակիչների միջեւ երեկ տեղի ունեցած բախումից հետո, որի ժամանակ սպանվել էր 24-ամյա քաղաքացի Մեհդի Թաշքընը, մի խումբ քրդեր հրդեհել են «Անատոլու» ուսումնարանի բակում տեղադրված Աթաթուրքի կիսանդրին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Քուրդ երիտասարդը սպանվել, եւս երկու քրդեր վիրավորվել էին Լիջեի Յոլաչթը գյուղում թուրքական զինված ուժերի եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների միջեւ 1986 թվականին տեղի ունեցած բախումներում զոհված քուրդ հրամանատար Մահսում Քորքմազի արձանն ապամոնտաժելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ, որը օրեր առաջ տեղադրվել էր զոհված քուրդ զինյալների գերեզմանատանը: Ժամդարմերիան գործել էր թուրքական դատարանի ընդունած որոշման համաձայն, որով վճռվել էր քանդել արձանը:

 

Երիտասարդի սպանության դեմ բողոքող քրդերի խումբը քաղաքի կենտրոնական փողոցների տների պատերին գրել է «Լիջեի ժողովուրդը մենակ չէ» գրություն: Հետո նրանք գնացել են ուսումնարանի շենքի մոտ գտնվող Աթաթուրքի արձանի մոտ, բենզին լցրել վրան, հրդեհել, այնուհետեւ ջարդել այն: «Այսօր մենք այսպես լուծեցինք մեր համերկրացու սպանության վրեժը», -հայտարարել են նրանք:

 

Միջադեպի վայր ժամանած ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, որոնք նրանց պատասխանել են «մոլոտովյան կոկտեյլներով» եւ քարերով:

 

Քուրդ հրամանատարի արձանը քանդելու եւ երիտասարդի սպանության հետ կապված Թուրքիայի քրդաբնակ շրջաններում բողոքի ակցիաներ են սկսվել: Թուրքական իրավապահների հետ բախումներ են տեղի ունեցել Հաքքարիում, Դիարբեքիրում եւ Վանում: Լիջեի բախումներում սպանվել է թուրքական ժանդարմերիայի ենթասպա Ուղուր Ունալը:

 

Թուրքական ԶԼՄ-ները Լիջեում տեղի ունեցած բախման հետ կապված հրապարակել են թուրք զինվորի' հերոսի տապալված արձանի գլխին ոտքը դրած պատկերով լուսանկարներ:

 

Թուրքիայի քրդական «Դեմոկրատական տարածաշրջանների կուսակցությունը» (DBP) Մահսում Քորքմազի արձանի ապամոնտաժման կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշել է, որ արձանը քանդելու տեսարանը քրդերին հիշեցրել է «1990-ականներին տեղի ունեցած թուրք-քրդական պատերազմը, երբ թուրքական ԶԼՄ-ները հրապարակում էին զոհված քրդերի գլխին թուրք զինվորի ոտքը դրած լուսանկարներ»: «Թուրքիայի մտածողությունը քրդական հարցում որեւէ փոփոխության չի ենթարկվել այս 25 տարում», -նշել է DBP-ն: