Ստեփանակերտի օդանավակայանն այս պահին չի գործարկվում միայն այն պատճառով, որ անհրաժեշտ քանակությամբ օդանավեր չկան: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու մինչ օրս Ստփանակերտի օդանավակայանը չի գործում: «Օդանավակայանը գործարկելու համար մենք պետք է առնվազն 2 օդանավ ունենանք, որովհետև մենք չենք կարոÕ ² տոմսեր վաճառել մարդկանց և ասել կներեք, ինքնաթիռն այս պահին սպասարկման մեջ է: Ավելի կայուն աշխատելու համար մենք չենք ցանկանում մտնել այդ դաշտ, տոմսերը վաճառել և ասել, գիտեք մեր օդանավը փչացել է և մենք չենք կարող թռիչք իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ նման դեպքում ոչ ոք երկրորդ անգամ ցանկություն չի ունենա օգտվել օդանավակայանից:

 

Նա ընդգծեց, որ հարկավոր է ինքնաթիռների այնպիսի բազա ունենալ, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ չվերթները պարբերաբար և միշտ լինելու են: «Խնդիրը միայն սրա մեջ է, այլ խնդիր չկա: Օդանավականն ամբողջությամբ պատրաստ է: Այսօր մեր ուղղաթիռներն այնտեղ իջնում են և որևէ խնդիր չկա»,- ասաց ՊԲ հրամանատարը:

 

ՊԲ հրամանատարն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի պնդումներին, թե իրենք կխփեն Ստեփանակերտի օդանավակայից չվերթ կատարող ինքնաթիռներին՝ ընդգծելով , որ այդ հայտարարությունները որևէ կապ չունեն օդանավակայանը չգործարկելու հետ: «Նրանք միայն հայտարարություններ են անում, սակայն իրենք էլ գիտեն, որ դա այնքան էլ հեշտ չէ իրագործել: Քաղաքացիական օդանավին հարվածելը, նշանակում է պատերազմ սկսել: Միևնույն ժամանակ, մեր խոցման գոտում ևս բազմաթիվ ադրբեջանական ինքնաթիռներ են լինում և մենք էլ կարող ենք հանգիստ դրանց խփել, սակայն սա այնքան էլ հեշտ չէ: Մեզ նման հայտարարություններ չեն վախեցնում և դրանք լուրջ չեն»,- ասաց Հակոբյանը: