Եվրամիությունն ու ՄԱԿ-ը հանդես են եկել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի եւ իրավապաշտպանների վերջին ձերբակալությունների հետ կապված հայտարարություններով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, երեկ տարածած հայտարարության մեջ ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի իրավիճակի առնչությամբ:

 

«Մենք հատուկ անհանգստությամբ ընդգծում ենք ճանաչված իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, նրա ամուսնու' Արիֆ Յունուսի, Ինթիգամ Ալիեւի եւ Ռասուլ Ջաֆարովի դեմ իրագործված ճնշումները: Իշխանությունը սիստեմատիկ կերպով նեղացնում է քաղաքացիական հասարակության համար գործունեության դաշտը: Մենք Ադրբեջանի իշխանությանը կոչ ենք անում նորմալ վերաբերմունք ցուցաբերել ձերբակալվածների նկատմամբ: Անհանգստացած ենք, որ չնայած հիվանդության հետ կապված խնդիրներին, Լեյլա Յունուսը դեռեւս պահվում է կալանքի մեջ: Մենք Ադրբեջանի իշխանությանը կոչ ենք անում բոլոր ձերբակալվածներին ապահովել բժշկական օգնությամբ», -ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ն անդրադարձել է նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ կապված Ադրբեջանի օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին, որոնցով սահմանափակվել է նրանց գործունեությունը: «Այդ քայլերը լրջորեն հարվածում են Ադրբեջանի միջազգային հեղինակությանը եւ թուլացնում նրա քաղաքական շահերը: Այդ հարցում ԵՄ-ի անհանգստությունն Ադրբեջանի իշխանությանը հասցրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն' հունիսի 14-ին Բաքու կատարած այցի ժամանակ: Եվրոպական միությունը մեկ անգամ եւս հայտարարում է, որ եթե Ադրբեջանը հարգանքով չմոտենա իր ստանձնած միջազգային պարտավորություններին, ապա ԵՄ հետ նրա հարաբերությունները չեն կարող հասնել իրենց ամբողջական ներուժին», -նշվում է հայտարարության մեջ:

 

ԵՄ հայտարարությանը միացել են նաեւ միության անդամ չհանդիսացող Նորվեգիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Չերնոգորիան եւ Ալբանիան:

 

Դրանից բացի, Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները եւ իրավապաշտպանների ձերբակալությունը դատապարտել են նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով մեծ թվով փորձագետներ եւ կոչ արել ադրբեջանական կառավարությանը վերջ դնել բռնաճնշումներին:

 

«Մենք ցնցված ենք իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումների, կեղծ մեղադրանքներով դատավճիռների, ակտվիստների' երկրից դուրս գալու արգելքների փաստերով: Պահանջում ենք դադարեցնել իրավապաշտպանների հետապնդումները եւ անմիջապես ազատ արձակել անհիմն կերպով ազատազրկվածներին», -ասվում է ՄԱԿ-ի փորձագետների կողմից հրապարակված հայտարարության մեջ:

 

Նշելով, որ խստորեն անհանգստացած են Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնաճնշումներով' ՄԱԿ-ի փորձագետները ադրբեջանական իշխանություններին հիշեցրել են նաեւ նրա ստանձնած պարտավորությունները կապված մարդու իրավունքների հետ: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ադրբեջանի ոչ մշտական անդամակցությունը չի համապատասխանում այդ երկրում ազատությունները խեղդելու իշխանությունների քայլերին», -ասվում է ՄԱԿ-ի փորձագետների տարածած հայտարարության մեջ: