Կիևի հայ համայնքի ավելի քան 50 ներկայացուցիչ սեփական նախաձեռնությամբ արյուն է հանձնել այն ուկրաինացիների համար, ովքեր վիրավորվել են երկրում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով: Ուկրաինահայերը արյուն հանձնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հոսպիտալում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը, լրագրողների հետ զրույցում Կիևի հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ իրենք ցավում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար և ցանկանում են այս կերպ աջակցել ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված իրենց ուկրաինացի եղբայրներին:

 

Սա միակ նախաձեռնությունը չէ, որով ուկրաինահայերը հանդես են եկել աջակցելու երկրի հարավում ապրող իրենց հայրենակիցներին: Ուկրաինայի հայերի միությունից հայտարարել են, որ ծրագրեր են մշակում Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչներին հումանիտար աջակցություն տրամադրելու համար: Այդ նպատակով Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Կիեում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Իվան Ուսիչենկոյին: Հանդիպմանը կողմերը քննարկել են մի շարք ծրագրային-աշխատանքային հարցեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հումանիտար օգնություն հասցնել երկրի արևելք: Վիլեն Շատվորյանը տեղեկացրել է, որ մինչ այդ էլ Ուկրաինայի հայերի միությունը պարբերաբար տրամադրել է աջակցություն, սակայն առավել մասշտաբային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությունն ու որոշ հարցերում նրանց աջակցությունը: