Հաշվի առնելով Իրաքում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի կառավարությունն Իրաքի մեր հայրենակիցներին հնարավորություն կտա Իրաքում ՀՀ դեսպանատնից ստանալ ՀՀ քաղաքացիության անձնագիր: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Միաժամանակ, նրա խոսքով, Իրաքի մեր հայրենակիցներից չի գանձվի ՀՀ վիզայի տուրքի և կացության համար նախատեսված գումարը:

 

Կառավարությունը նման գործելաոճ էր որդեգրել նաև Սիրիայի մեր հայրենակիցների նկատմամբ, որտեղ մինչ օրս շարունակվում է իրավիճակը լարված մնալ: Իսկ Իրաքում իրավիճակը լարվել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից ահաբեկչական գործողությունների արդյունքում: Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ օգոստոսի 15-ին Նինեվեհ նահանգում «Իսլամական պետության» զինյալները սպանել են եզդի փոքրամասնության շուրջ 80 տղամարդ ներկայացուցչի, իսկ կանանց ու երեխաներին գերեվարել: