Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դիմավորման արարողակարգի համաձայն' վարչապետները ողջունեցին միմյանց պատվիրակությունների կազմերին: Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությ ան կազմում են արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն, այլք:

 

Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

 

Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում: Ակնկալվում է, որ հենց այսօր Հայաստանի և Վրաստանի վարչապետները ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդես կգան հայտարարությամբ: