Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային զավթած շրջաններում «իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման ղեկավարները հերթական անգամ սպառնացել են Ադրբեջանին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով ԻԼԻՊ-ին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում են, որ ահաբեկչական կազմակերպության անդամ Մուհա մեդ Աբու Բարուդը հայտարարել է, որ Ադրբեջանում իսլամական կրոնը ոտնահարվում եւ ճնշվում է, ու դա պետք է կարգավորել:

 

ԻԼԻՊ-ի ջիհադականը նավթով հարուստ Ադրբեջանին «պատրաստի մսակարկանդակ» է անվանել: Նա նաեւ զգուշացրել է Ադրբեջանին, որ իսլամական պետությունը տարածվելու է նաեւ Ադրբեջանում:

 

«Մի օր իսլամական պետությունը ձգվելու մինչեւ Ադրբեջան: Մեզ համար Դաղստանը, Վրաստանը եփած խնձոր են, իսկ Ադրբեջանը պատրաստի մսակարկանդակ է, եւ մի օր մենք այն կհամտեսենք»,- հայտարարել է ԻԼԻՊ-ի մարտիկը:

 

Իրաքում «իսլամական պետություն» հռչակելուց հետո ԻԼԻՊ-ի ղեկավարները հայտարարել են, որ իրենց հաջորդ թիրախը կլինեն Ադրբեջանը եւ Թուրքիան:

 

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստ ահաբեկիչների կողմից երկու տարի առաջ սկսված պատերազմում մինչ այժմ զոհվել են Ադրբեջանի քաղաքացի 200-ից ավելի մոջահեդներ: