Վրաստանն անում է ամեն հնարավորը Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին տեղի ունեցած սողանքների հետևանքով վնասված ենթակառուցվածները արագ վերականգնելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Միր 24» հեռուստաընկերությունը, Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելել է դեպքի վայր, ուր շարունակում են մարդկա նց որոնողական աշխատանքները: Վերականգնողական աշխատանքներում ներգրավված են ծանր մեքենաներ: Հանձնաժողովը որոշում է վնասի չափը:

 

«Դարիալի կիրճով անցնող Ռազմավիրական ճանապարհը, որը Վրաստանը կապում է Ռուսաստանին և ուր երեկ գիշեր սողանք է տեղի ունեցել, կվերականգնվի մոտ երկու շաբաթից»,- ասել է Վրաստանի Նախագահը:

 

Տարերային աղետի հետևանքով վնասվել է դեպի Հայաստան գազ մատակարարող խողովակը: «Գազատարը, որը գազ է մատակարարում Հայաստանին, շուտով կվերականգնվի ... Մեր հայ գործընկերները գիտեն, որ ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքները մեզ համար առաջնային են», - ասել է Մարգվելաշվիլին:

 

Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը վերահսկողությունը լիովին վերցրել է իր ձեռքը: «Ենթադրվում է, որ այս պահին թունելում է գտնվում 2 մարդ' Թուրքիայի և Վրաստանի մեկական քաղաքացիներ, ովքեր, ամենայն հավանականությամբ, չեն հասցրել լքել թունելը, երբ սողանքն սկսել է:

 

Շարունակվում են որոնողական աշխատանքները: Թունելի ներքևի հատվածը ամբողջությամբ ողողված է ջրով, և այժմ աշխատանքներ են տարվում այն դուրս մղելու ուղղությամբ, որպեսզի փրկարարները կարողանան մտնել այնտեղ»,- նշել է Վրաստանի Ն ԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման վարչության պետ Զվիադ Կացաշվիլին:

 

Նախնական տվյալներով' սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Դեպքի վայրում արդեն աշխատում են մասնագետները:

 

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Յուլիա Ստարչենկոն տեղեկացրել է, որ հաշվի առնելով սողանքից բխող վտանգները, Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Ստարչենկոն նշել է, որ Ռուսաստան-Վրաստան սահմանային շրջանում գտնվող Վերին Լարսի անցակետը փակ է:

 

Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների: