Կարմիչ խաչի միջազգային կոմիտեն չի մասնակցում ներկալված անձանց կամ աճյունների փոխանակմանն առնչվող որեւէ բանակցության: ԿԽՄԿ-ն չի կարող նաեւ ներգրավվել կողմերին առաջարկներ փոխանցելու գործում:

 

Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին' ընդգծելով, որ համաձայն իր հանձնառությանն ու միջազգային մարդասիրական իրավունքին' ԿԽՄԿ-ն որպես անկախ միջ նորդ կատարում է իր դերը հայրենադարձման գործում: «Այս դիրքորոշումը ԿԽՄԿ-ն փոխանցել է երկու կողմերին:

 

Մարդասիրական իրավունքը պահանջում է, որ աճյունը պետք է հայրենադարձվի, առանց որեւէ նախապայմանի, եւ մեկ կողմը պարտավոր է դա անել, եթե նույնիսկ մյուս կողմը դա չի անում, իսկ ներկալված անձանց հայրենադարձությունը չպետք է կախված լինի մյուս կողմի հայրենադարձման պատրաստակամությունից: Ինչպես միշտ, ԿԽՄԿ-ն պատրաստ է որպես անկախ միջնորդ կատարել իր դերը հայրենադարձման գործում»,-ասաց Ամատունին:

 

«Արմենպրես»-ի ճշգրտող հարցին' արդյոք համապատասխանում է իրականությանը ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումն այն մասին, որ իբր ԿԽՄԿ-ն փոխանցել է, թե հայկական կողմը չի համաձայնել ադրբեջանական կողմի առաջարկին' փոխանակել Ադրբեջանում պահվող հայկական հինգ հոգանոց ընտանիքի անդամներին եւ գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին' հայկական կողմում գտնվող, դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ ձերբակալված երկու դիվերսանտների եւ մեկ դիվերսանտի դիակի հետ, Ամատունին նշեց. «Մենք նման հարցերում, մանավանդ երբ խոսքն առնչվում է աճյ ունի հանձնմանը, խոսք տանող-բերողի գործառույթ չենք իրականացնում, գործում ենք միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան»:

 

Մնում է եզրակացնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան կրկին անգամ իր ապատեղեկատվական խարդավանքներին մասնակից է դարձրել միջազգային հեղինակավոր կազմակերպությանը:

 

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արդեն գերիների փոխանակման Ադրբեջանի իշխանությունների առաջարկից հրաժարվելու մասին այդ երկրի Փախստականների եւ բռնի տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է որակել: