Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացված 90 բողոքների արդյունքում մեկ փոխտնօրեն, մեկ դաստիարակ և մեկ դաստիարակի օգնական ազատվել են աշխատանքից:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը և հանրակրթության վարչությունն օպերատիվ արձագանքում են ցանկացած զանգի՝ անկախ այն փաստից, անանուն է այն, թե' ոչ:

 

«Մենք դեպքի վայրից անմիջապես դուրս գալուց հետո իրավիճակի մասին զեկուցում ենք Երևանի քաղաքապետին: Զանգերն անհետևանք չեն մնում: Մենք բազմաթիվ շնորհակալական զանգեր ենք ստանում հարցը լուծելուց հետո»,- «Արմենպրես»- ի փոխանցամամբ՝ հայտնեց Գայանե Սողոմոնյանը:

 

Նրա խոսքով' քաղաքապետարանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ևս արձագանքում է ցանկացած խնդրի: «Շատ կարճ ժամանակահատվածում խնդիրներին լուծում է տրվում»,-հավելեց հանրակրթության վարչության պետը:

 

Նա նաև տեղեկացրեց, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ստացված բողոքների հիման վրա մեկ դաստիարակ և մեկ դաստիարակի օգնական երեխայի նկատմամբ ցուցաբերած կոպիտ վերաբերմունքի պատճառով ստացել են կարգապահական տույժ: