ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ այսօր' օգոստոսի 22-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2014թ. աշնանն անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման Երեւան քաղաքի հանձնաժողովի նիստը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստին մասնակցել են Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ ոստիկանության Երեւանի ոստիկանության վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, Երեւանի վարչական շրջանների ղեկավարներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ ԱՎԾ ներկայացուցիչներ:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախագահ Ստեփան Մնացականյանը տեղեկություններ է ներկայացրել ԳՀՀ-ի անհրաժեշտության, նպատակների, Երևանում ԳՀ հաշվառման իրականացման մեթոդների և ժամկետների վերաբերյալ:

 

Քննարկվել է այս աշխատանքներում Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների հետ համագործակցության եւ նրանց կողմից աջակցության հարցը: Մասնավորապես, ԱՎԾ նախագահ Ս. Մնացականյանը տեղեկացրել է, որ գործընթացի կազմակերպման համար Երեւանում անհրաժեշտ կլինի ստեղծել հաշվառման եւ հրահանգչական 107 տեղամաս եւ այս հարցում ակնկալվում է վարչական շրջանների ղեկավարների աջակցությունը:

 

Հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանն առաջարկել է անհրաժեշտ տարածքների ցանկը տրամադրել վարչական շրջանների ղեկավարներին, որոնք էլ կզբաղվեն տեղամասերի համար համապատասխան տարածքների տրամադրման հարցերով եւ կաջակցեն գործընթացին:

 

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է ԳՀՀ–ի իրականացման աշխատանքներում համապատասխան աշխատակիցների ընդգրկման հարցին: Նշվել է, որ նախնական տվյալներով կպահանջվի ներգրավել շուրջ 688 աշխատակից: Այս հարցում Վաչե Տերտերյանն առաջարկել է օգտվել վարչական շրջանների ղեկավարների ունեցած մարդկային ռեսուրսից եւ հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացված պահանջներին համապատասխան թեկնածուների մասին առաջարկություն ներկայացնել ԱՎԾ Երեւանի տարածքային կենտրոն:

 

Հանձնաժողովի նիստում քննարկվել է գործընթացի մասին բնակչության շրջանում բացատրական աշխատանքների իրականացման, հանրային իրազեկման միջոցառումների անցկացման անհրաժեշտության հարցը:

 

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարեւորել է ԳՀ հաշվառման նախապատրաստական եւ անցկացման աշխատանքների կազմակերպված իրականացումը եւ այս առումով ընդգծել պատասխանատու բոլոր կառույցների համակարգված աշխատանքի կարեւորությունը:

 

Նա Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին առաջարկել է յուրաքանչյուր վարչական շրջանում նշանակել գործընթացը համակարգող պատասխանատու պաշտոնյա եւ վստահեցրել է, որ թե ԱՎԾ-ի, թե հանձնաժողովի կողմից մեթոդական, կազմակերպչական աջակցություն կցուցաբերվի:

 

Համաձայն ՀՀ կառավարության 2013թ.ապրիլի 25-ի 402 –Ն որոշման' Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառում կանցկացվի 2014թ. հոկտեմբերի 11-31-ը: Հայաստանում այն անցկացվում է առաջին անգամ, ակնկալվում է, որ ԳՀՀ-ն հնարավորություն կընձեռի բարելավել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրությունը, ձեւավորել տվյալների համակարգ, բացահայտել գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները: