ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Բյուրականի բանակավայր: Նախագահը շրջայց կատարեց բանակավայրի տարածքում, ծանոթացավ պայմաններին և սկաուտների առօրյային: Սերժ Սարգսյանը նաև ներկա գտնվեց համահայաստանյան բանակման փակման արարողությանը:

 

Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության պատասխանատու անդամ Հրաչյա Շմավոնյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 2011թ. կառավարության որոշմամբ' Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությանը հատկացվել է մեկ հեկտար լրացուցիչ տարածք, որը նախատեսված էր բանակավայրի կառուցման համար:

 

«Քանի որ յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ տեղի են ունենում համահոմենթմենական բանակումներ, այս տարի Հոմենթմենի պատմության մեջ աննախադեպ մեծ թվով մասնակիցներով բանակում եղավ, որին մասնակցում էր 800 սկաուտ աշխարհի 18 երկրից: Այս բանակավայրը կառուցելով՝ մենք կարողացանք այդ պայմանները ստեղծել:

 

Այն կառուցված է 400 հոգու համար, իսկ առաջին հատվածը նախատեսված է մոտ 600 հոգու համար: Այսինքն, մենք այսուհետ կկարողանանք ընդունել 1000 սկաուտի: Սա մեզ համար շատ ուրախալի փաստ է, որովհետև վերջապես մենք կարողացանք մեր պայմանները բարելավել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շմավոնյանը:

 

Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի հովանավորներն են ՀՀ Նախագահը և «Փյունիկ» հիմնադրամը, որոնց հատկացումների շնորհիվ հնարավոր է եղել կառուցել բանակավայրը: «Պետք է ասեմ, որ այս բանակավայրում առօրյա կարիքների համար բոլոր հարմարությունները ստեղծված են»,- եզրափակեց Շմավոնյանը:

 

Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության կենտրոնական վարչության ատենապետ Օշին Փիրումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարի տեղի է ունենում համահայաստանյան 24-րդ բանակումը, որը միշտ կայանում է օգոստոսի վերջին: «Հանրապետության բոլոր մարզերից սկաուտական կազմակերպության անդամներ են գալիս և մասնակցում 5-6-օրյա բանակումի: Սրա նպատակն է սերտացնել տարբեր մարզերից ժամանած երեխաներին, հասնել նրան, որ նրանք համագործեն միմյանց հետ, լինի փորձի փոխանակում:

 

Նրանք անցնում են ղեկավարման դասընթացներ, ազգային ինքնության պահպանմանը կոչված դասընթացներ, որոնց շնորհիվ մենք պատրաստում ենք մեր ապագա սերնդին»,- ասաց նա:

 

Բանակումի մասնակիցները բաժանվել են կարմիր, կապույտ և նարնջագույն խմբերի: Խմբերում կան խմբակներ Արևելյան և Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքների անվանումներով: «Նրանք այդ քաղաքների տարազներն են պատրաստում, այդ քաղաքների ավանդույթներն են սովորում, հետո դրանք կրկնում են իրենց խմբակի միջոցով և սովորեցնում են բոլոր մասնակիցներին, որոնց թիվն այս տարի 300 է»,- ասաց Փիրումյանը:

 

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի բանակումում հետաքրքիր մի ծրագիր է ներդրվել: Օշին Փիրումյանը տեղեկացրեց, որ այդ ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային սկաուտական շարժման կողմից:

 

«Մենք գումար ենք ստացել, որպեսզի կարողանանք սոցիալապես անապահով երեխաներին, մանկատների երեխաներին ներառել մեր կազմակերպության մեջ և նրանց էլ հնարավոություն տալ մասնակցել բանակումին»,- ընդգծեց նա՝ տեղեկացնելով, որ համահայաստանյան բանակումը ամենամյա բնույթ է կրում: