Հայաստանը դատապարտում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությունը իսլամիստ ծայրահեղականների կողմից:

 

«Բառերն անզոր են' արտահայտելու այն վրդովմունքը, որն առաջացնում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի բարբարոսական սպանությունը: Ամենախիստ կերպով դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը:

 

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին եւ գործընկերներին:

 

Ծայրահեղականների կողմից իրականացրած այս վայրագ սպանությունը ցույց է տալիս ահաբեկիչների վայրի էությունը եւ հրամայական է դարձնում քաղաքակիրթ աշխարհի ջանքների միավորումը եւ վճռականությունը' ահաբեկչության դեմ պայքարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հայտարարության մեջ:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական խումբն օգոստոսի 19-ին հրապարակել է մի տեսագրություն, որտեղ պատկերված է մի տղամարդու մահապատիժը, որը, ինչպես հաստատվում է, 2012-ին Սիրիայում առեւանգված ամերիկյան լրագրող Ջեյմս Ֆոուլին է: