Հայաստանում 2014թ. ընթացքում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման' բոտուլիզմի 4 դեպք' 6 տուժածով, մահվան ելքով դեպք չի արձանագրվել: Թունավորումների պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի, լոբու պահածոների օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում:

 

Ընթացիկ տարում արձանագրվել է սնկային թունավորման 20 դեպք' 29 տուժածով, որից 8-ը մինչև 14 տարեկան երեխաներ են։ Թունավորման պատճառ է դարձել թունավորվածների կողմից հավաքված սնկերի օգտագործումը։ Դեպքերը հիմնականում արձանագրվել են Լոռու, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի մարզերում:

 

Թունավորման նախնական ախտանշաններն են' սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ, բոտուլիզմի դեպքում՝ երկտեսություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առաջ մշուշ, ցանց), ռնգախոսություն և այլն: Առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

 

Թունավորումներից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող, հատկապես' արագ փչացող սննդամթերք, սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ և այլն) օգտագործելուց առաջ լվանալ միայն հոսող խմելու ջրով (չօգտագործել առուների, գետերի ջրերը), հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել օճառով, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, սննդամթերքը պահել փակ տարաներու մ' ճանճերից աղտոտումը կանխարգելելու նպատակով, չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և ոռոգման ջրանցքներում, խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման' եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից։