Վերջին օրերին Իրաքից մի քանի հայկական ընտանիքներ եկել են Հայաստան: Նրանց ընդունել է ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

 

«Ես երկու օր առաջ նրանց ընդունել եմ, քննարկել ենք որոշ հարցեր' նրանց խնդիրների լուծման հետ կապված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Զաքարյանը:

 

Նա տեղեկացրեց, որ այս պահին ընտանիքներն ապրում են իրենց բարեկամների տներում: «Օրինակ այդ ընտանիքներից մեկն Արարատի մարզում է ապրում, եկել էին մեզ մոտ: Քննարկեցինք, թե ինչպես կարող ենք օգնել նրանց, ծանոթացանք նրանց խնդիրներին և ծրագրեր պետք է մշակենք դրանց լուծում տալու համար»,- նշեց Զաքարյանը:

 

Հարցին, թե կա՞ն ընտանիքներ, որ առաջիկայում Հայաստան գալու ցանկություն են հայտնել, Զաքարյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել, սակայն ավելացրեց, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքի հայերն ավելի ակտիվ են և գալիս են: «Մի քանի ընտանիքներ եկել են: Նախկինում, օրինակ, չէին գալիս, սակայն հիմա, թեկուզ ոչ շատ, բայց Իրաքից գալիս են»,- ասաց նա:

 

Ֆիրդուս Զաքարյանի խոսքով՝ դա պայմանավորված է Իրաքում ստեղծված ոչ կայուն իրավիճակով: «Իրավիճակը հիմա Իրաքում այնպիսին է, որ մարդիկ ցանկանում են ավելի հանգիստ և խաղաղ պայմաններում ապրել: Ես դա կապում եմ Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Բնակաբար, մարդիկ, իրավիճակից ելնելով, գերադասում են ապրել ավելի խաղաղ պայմաններում»,- նշեց Զաքարյանը: