Հանրակրթական դպրոցներում շարունակվում է ուսուցիչների ատեստավորման գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ամեն տարի, ըստ օրենքի, ատեստավորվում է դպրոցների ուսուցիչների 20 տոկոսը:

 

«Ատեստավորված ուսուցիչները կարող են դիմել նախարարություն՝ տարակարգ ստանալու համար: Այսօր շուրջ 400 ուսուցիչներ տարակարգ են ստացել, բարձրացրել են իրենց որակական ցուցանիշները և խրախուսվում են: Տարակարգի համար նրանք որոշակի հավելյալ գումար են ստանալու: Պետությունը խրախուսում է դպրոցների ուսուցիչներին և գնահատում նրանց՝ կատարած լավ աշխատանքի համար»,-նշեց Նարինե Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով՝ տարակարգ ստանալու համար մանկավարժը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների: Որակավորման տարակարգի բոլոր չորս աստիճանների համար մանկավարժները պետք է լինեն գիտական, մանկավարժական հոդվածի, դասագրքի, մեթոդական ձեռնարկի, ուսումնաօժանդակ նյութի հեղինակ: «Բացի այդ, մանկավարժը պետք է նորօրյա մոտեցումներ ցուցաբերի դասավանդած առարկայի նկատմամբ: Կոչ ենք անում, որ դպրոցների ուսուցիչները դիմեն մեզ և ստանան տարակարգեր: Այս տարի տարակարգ ստացած ուսուցիչներին կհրավիրենք նախարարություն, և նրանք կստանան իրենց վկայականները »,-նշեց Հովհաննիսյանը:

 

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման՝ ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի։ Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով' փաստաթղթային ատեստավորման եղանակով՝ ատեստավորման հանձնաժողովի կողմից։ Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող' երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձեւավորման կարգը' կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

 

Տարակարգ, ուսուցիչներ, հանրակրթական, դպրոց,