ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների և կալանավորված անձանց բնակելի մասնաշենքի առաջին հարկում տեղակայված կարանտինային թիվ 1 խցի պատուհանի դիմաց օգոստոսի 23-ին, ժամը 16:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերվել և առգրավվել է բարակ, կարճ պարանով կախված մոխրագույն կիսագուլպա, որի մեջ առկա էր գործարանային փաթեթավորումն ամբողջությամբ խախտված ծխախոտի տուփ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, գլանակներից մեկը՝ 0,4 գրամ կշռով, կիսով չափ լցված էր կանաչա-դարչնագույն անհամասեռ խոտանման զանգվածով, իսկ վերջնամասում՝ առանձին կապված կիսակոտրված վիճակում, բաց շագանակագույն օճառանման և նույնատեսակ փոշենման զանգված՝ 70,6 գրամ ընդհանուր քաշով:

 


Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Օգոստոսի 22-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Ղ.-ին, քաղաքացի Ա. Ա.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ, պլաստմասե տուփի փականի միջից հայտնաբերվել և առգրավվել է անձեռոցիկի մեջ փաթեթավորված, 950 մլգ սպիտակ փոշենման զանգված և 550 մլգ սպիտակ դեղահաբի կտորներ:

 


Հաջորդ օրը, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավոր Ա. Խ.-ին տեսակցության եկած եղբոր՝ Բ. Խ.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված փաթեթ, առկա՝ 11,1 գրամ ընդհանուր քաշով դեղնաշագանակագույն, չորացված, մանրացված, յուրահատուկ սուր հոտով բուսական զանգված:

 


Վերոնշյալ երկու փաստով կատարվում է հետաքննություն, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ի սահմաններում, պատժախցի մասնաշենքի ճանապարհին հսկիչ արահետային գոտում, բնակելի գոտի փոխանցվող հանձնունքների կետի դռնակից 15 մետր հեռավորության վրա, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները հայտաբերել են պոլիէթիլենե փաթեթ՝ ամրացված կապույտ գույնի կպչուն մեկուսիչով:

 


Փաթեթի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է յոթ փաթեթ, որոնցից մեկում առկա էր մեկ հատ B-8 դաջվածքով, օվալաձև, սպիտակ դեղահաբ, իսկ մյուս վեց փաթեթներում՝ 1,97 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգված:


Նույն օրը, ժամը 23:00-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական հիմնարկի թիվ 1 պահակակետից հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ պատժախցից մասնաշենք տանող ճանապարհին, անհայտ անձը լապտերով իր է փնտրում: Նշված վայր մեկնած հերթապահ խմբի ծառայողներին նկատելով անհայտ անձն անմիջապես բաժանարար պատի վրայով անցել է բնակելի գոտի:


Պատժախցի մասնաշենք տանող հսկիչ-արահետային գոտում կատարվել է տեղանքի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենե փաթեթ՝ ամրացված կպչուն մեկուսիչով:
Փաթեթի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մեկ փաթեթ, որի մեջ առկա էր մեկ B-8 դաջվածքով, սպիտակ, օվալաձև դեղահաբ, ինչպես նաև անձեռոցիկով փաթեթավորված 290 մլգ ընդհանուր կշռով դեղնականաչավուն զանգված:

 


Հայտնաբերված զանգվածներն ու դեղահաբերն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, կատարվում է հետաքննություն: