ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր' օգոստոսի 25-ին, աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Տավուշի մարզ:

 

Նախարարի այցը մեկնարկել է Դիլիջան քաղաքից, որտեղ նա մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ քննարկել է մարզական կյանքին վերաբերող մի շարք կազմակերպչական հարցեր, խոսել ընթացիկ տարվա ծրագրերի և անելիքների մասին, շրջայց կատարել համայքային մարզադպրոցում, ծանոթացել տիրող իրավիճակին, առկա խնդիրներին, մարզիչների սոցիալական վիճակին, մարզադպրոցի բնականոն գործունեության համար ստեղծված պայմաններին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

 

Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գաբրիել Ղազարյանին' այցելության համար և նշել, որ առաջին անգամն է, երբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն այցելում է Տավուշի մարզ, հետաքրքրվում բնակչությանը հուզող հարցերով, մարզաբազաներում առկա խնդիրներով, ինչն էլ իր հերթին մեծ ոգևորություն է առաջացնում ու խանդավառությամբ ընդունվում մարզի բնակիչների կողմից:

 

Այնուհետև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի ուղեկցությամբ նախարար Գ.Ղազարյանն ուղևորվել է Իջևան, որտեղ հանդիպել է քաղաքապետ Վարդան Ղալումյանին, նրա հետ եղել Իջևան քաղաքի համայնքային մարզադպրոցում, այցելել N 1 հանրակրթական դպրոց, որն ունի լուրջ մարզաբազա:

 

Նախարարը դպրոցի տնօրինության հետ քննարկել է լողավազանի և բռնցքամարտի դահլիճի վերանորոգման հարցերը՝ հույս հայտնելով, որ համապատասխան մասնագետների ներգրավմամբ բռնցքամարտի դահլիճը հնարավոր կլինի ժամանակին նախապատրաստել ուսումնական տարվան:

 

Նախարար Գ. Ղազարյանն Իջևան քաղաքում ծաղիկներ է դրել հայրենիքի պաշտպանության դիրքերում նահատակված իջևանցի ազատամարտիկների հուշարձան-կոթողին:

 

Տավուշի մարզ աշխատանքային այցն ավարտվել է Նոյեմբերյան քաղաքում, որտեղ նախարարը քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի ուղեկցությամբ եղել է քաղաքի մարզամշակութային կենտրոնում, ծանոթացել առկա պայմաններին, այցելել քաղաքային մարզադաշտ: