«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով (LIFE)» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործում է «Իղձ» սոցիալական ձեռնարկությունը' կարի արտադարմասով եւ տպարանով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գեւորգյանը, ծրագիրը կյանքի կոչվեց եռակողմ' պետության, հասարակական եւ մասնավոր հատվածի համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է 11 միլիոն դրամ:

 

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով (LIFE)» ծրագրի միջոցներով ներդրվել է 7 միլիոն դրամ. կատարվել են տարածքի ջրահեռացման աշխատանքներ, լուծվել է գազիֆիկացման, ջեռուցման, ջրամատակարարման, վերանորոգման, շենքային պայմանների բարելավման, կահավորման աշխատանքներ: Պետական միջոցներով կազմակերպվել են կարուձեւի եւ տպագրական դիզայնի ուսուցողական դասընթացներ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 

Վերապատրաստվել եւ «Իղձ»-ի արտադրամասերում աշխատանքով է ապահովվել հաշմանդամություն ունեցող 10 անձ' 6-ը' կարի, 4-ը' տպագրական արտադրամասում:

 

Կարի արտադրամասը համալրվել է համապատասխան սարքավորումներով, կարի եւ ասեղնագործության մեքենաներով, համակարգիչներով, տպիչներով:

 

«Եթե լինեն ավելի մեծ չափերի պատվերներ, մենք պայմանավորվածություն ունենք մայրաքաղաքում գործող կազմակերպությունների հետ, ովքեր կկատարեն պատվերները», -ասում է Անահիտ Գեւորգյանը:

 

Վերջինիս հավաստմամբ' 22-ամյա Սմբատի համար մի ժամանակ նույնիսկ նշմարելի չէր, որ տանը սայլակի վրա նստած, իրեն կարող են զանգել եւ աշխատանք առաջարկել: Այսօր նա տպարանում ե'ւ մեքենաներն է գործարկում ու վերանորոգում, ե'ւ դիզայներական աշխատանքներ է իրականացնում:

 

Խոսրով Խլղաթյան