Անհնարին է առանց ԼՂՀ մասնակցության հիմնախնդիրը լուծել, ովքեր ուզում են բանակցել, ինչ առաջարկություններ ուզում են ներկայացնել, ԼՂՀ հիմնախնդիրը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը, ուրիշ ոչ մեկ, որովհետև սա մեր խնդիրն է, մեր ժողովուրդը պետք է իրականացնի այդ պայմանավորվածությունները, և առանց ԼՂՀ մասնակցության, անհնար է այս խնդրի լուծումը: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

 

Նշենք, որ լրագրողների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կազմակերպել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և World Vision Հայաստանի աջակցությամբ:

 

«Երբ Ղարաբաղը սկսի մասնակցել բանակցությանը, կարող եք մտածել, որ մի քանի տարի հետո խնդիրը կլուծվի: Քանի դեռ ԼՂՀ-ն չի մասնակցում, այս խնդիրը բանակցային ձևով լուծելը շատ հեռու է»,- ասաց նա: