Մաքսային միության երկրների' Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Նուրսուլթան Նազարբաևի և Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի միջև հանդիպումը մեկնարկել է Մինսկում:

 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Իտառ-տասս»-ը, Մինսկ են ժամանել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քերրին Էշթոնը, Առևտրի և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարներ' Կարել դե Գուխտն ու Գյունտեր Էթթինգերը, ովքեր ներկայացնում են Եվրահանձնաժողովը: Պյոտր Պորոշենկոն հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքը կլինի ուկրաինական հողում խաղաղության հաստատումը:

 

Իր հերթին, ՌԴ նախագահ Պուտինը նշել է, որ իր երկիրը մշտապես հարգել ու հարգելու է այլ երկրների ընտրությունը, բայց ոչ ի վնաս այլ պետությունների ու ՌԴ-ի հաշվին: Միաժամանակ, ՌԴ նախագահն օգտակար է համարել ՄՄ-ի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառության ծավալների աճը, սակայն կասկած հայտնել, որ դա հնարավոր կլինի Ուկրաինայի' Եվրամիության հետ ասոցացման պայմաններում: Բացի այդ, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը վստահ է' Ուկրաինայի ճգնաժամը չի կարելի լուծել ուժային տարբերակով:

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է հանդիպման արդյունքներով ընդունել փաստաթուղթ, իսկ Ղազախստանի առաջնորդ Նազարբաևն կոչ է արել նույն ֆորմատով հանդիպում կազմակերպել նաև հաջորդ տարի' այս անգամ Աստանայում: