Շիրակցի բժիշկները վերադարձել են ԼՂՀ-ից՝ հաջորդ տարի կրկին մեկնելու մեծ ցանկությամբ: ՀՀ Շիրակի մարզի և ԼՂՀ Ասկերանի շրջանի միջև կրթամշակութային, մարզական, տուրիզմի և հանգստի կազմակերպման բնագավառում իրականացվող փոխայցելությունների ծրագրի շրջանակում, օգոստոսի 21-23-ը Ասկերան էր մեկնել Շիրակի մարզի առողջապահության վարչության աշխատախումբը՝ 12 նեղ մասնագետ բժիշկներով՝ մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ:

 

Այցի շրջանակներում կազմակերպվել է բուժզննում և «Բաց դռների օր» միջոցառումը: Պատվիրակության կազմում եղել են սրտաբաններ, վիրաբույժներ, ակնաբույժ, ատամնաբույժ, մաշկաբան:

 

Ամփոփելով այցի արդյունքերը՝ Հովհաննես Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Ասկերանում Շիրակի մարզից ժամանած բժիշկների մոտ բուզննում, խորհրդատվություն և որոշակի բժշկական միջամտություն է ստացել Ասկերանի և հարակից գյուղերի շուրջ 120 բնակիչ: «Իմ գլխավորությամբ արդեն չորրորդ տարին է մեկնում ենք ԼՂՀ ու ամեն անգամ տեսնում ենք, թե ինչքան սպասված ենք:

 

Կարծես մեր գնալը խիստ պահանջված էր: Մեր այցը հաջողված էր: Ջերմ ընդունելության ենք արժանացել, և մեր խմբի ոգևորությունն այնքան մեծ է, որ արդեն իսկ սպասում ենք հաջորդ տարվա այցին: Ինչպես նախորդ, այնպես էլ այս այցից հոգեկան մեծ բավարարվածություն ենք ստացել: Երբ առաջին անգամ էինք գնում՝ դիմեցինք քարտեզի օգնությանը, այսօր արդեն շատ բարեկամներ ու հարազատ մարդիկ ունենք այնտեղ:

 

Արցախցին թող զգա, որ իր կողքին շատերն են: Իրենք մեզ սպասում են, մենք' հաճույքով գնում»,-նշեց մարզպետարանի առողջապահության վարչության պետը' ավելացնելով, որ հաջորդ տարի խմբի կազմում կընդգրկեն նաև նոր մասնագետների, ում պահանջը Ասկերանում զգացվում էր: Ի դեպ, մարզի բժիշկներն իրենց հետ տարել էին նաև դեղորայք, բժշկական և խնամքի պարագաներ:

 

Արմենուհի Մխոյան