ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը դժվարացավ որևէ հստակ գնահատական տալ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության վերաբերյալ, սակայն նշեց, որ գործարարի հետ ձևավորված իր հարաբերությունները հուշում են, որ այն, ինչ տեղի է ունեցել նրա հետ, ամենայն հավանականությամբ, թյուրիմացություն է: Նման կարծիք Աշոտ Ղուլյանը հայտնեց Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

«Արցախից արդեն տարբեր ձևաչափերով հայտարարություններ հնչել են: Անգամ ԱԺ բոլոր 3 խմբակցություններն են հայտարարություն արել: Վստահ եմ, որ նա իրավական առումով պաշտպանության կարիք չունի», - ասաց Ղուլյանը՝ հավելելով, որ իրենք դա արել են ոչ միայն ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի, այլև՝ Արցախի, քանի որ Լևոն Հայրապետյանը Արցախի համար շատ բան է արել:

 

«Իմանալով նրա առողջական վիճակի մասին, այդ երկրի օրենսդրությունը և հաշվի առնելով մարդասիրական կանոնները, ինչպես նաև՝ իրավական բոլոր հնարավորությունները՝ մենք ասել ենք, որ նա պետք է շարունակի մնալ ազատության մեջ:

 

Արցախը տեսել է, թե Լևոն Հայրապետյանն ինչպիսի ծրագրերի է աջակցել և թե ինչ ծրագրեր պետք է իրականացներ հետագայում: Այս բոլորը մեզ հիմք է տալիս կարծելու նաև, որ նա շուտով ազատության մեջ կհայտնվի և կշարունակի իրականացնել բարեգործական իր ծրագրերը»,- նշեց նա: