Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում՝ «Ամոնիայի» դեմ պատասխան խաղից առաջ, «Советский спорт»-ը հարցազրույց է անցկացրել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկիի հետ:

40-ամյա դարպասապահը նշել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը խնդրում է իրեն խաղալ Մանուել Նոյերի պես, ով հաճախ է լքում դարպասը:

«Երբեմն խնդրում է, սակայն նման խաղը վտանգավոր է: Դեպի գնդակը դուրս գալու համար պետք է վստահ լինես ինքդ քեզ վրա և ոչ մի վայրկյան չկասկածես: Հնարավոր է՝ Նոյերը խաղում է այնպիսի մտքով, որ եթե գոլ բաց թողնի, խաղընկերներն անպայման կապահովագրեն իրեն և կխփեն պատասխան երկու գոլ: Նման կերպ փորձեցի խաղալ «Սպարտակի» դեմ, սակայն մի փոքր սխալ հաշվարկեցի անդրադարձը: Խաղադաշտը հավասարապես չէր ջրված, տարբեր հատվածներում տարբեր էր գնդակի անդրադարձը: Ակնհայտ է, որ դա իմ մեղավորությունն»,- նշել է Բերեզովսկին:

Հիշեցնենք, որ «Դինամոն» սեփական խաղադաշտում «Սպարտակին» զիջել է 1:2 հաշվով: