msy.amՆախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, հյուրընկալել է գերթեթև քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի հայազգի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Սյուզի Կենտիկյանին:

Նախարարը ողջունել է հյուրին և նշել, որ հայ ազգը մշտապես հետևում է Սյուզիի մրցելույթներին ու մեծ ոգևորվածությամբ սպասում նրա հերթական հաղթանակին, ուրախանում նրա ձեռքբերումներով: Գաբրիել Ղազարյանի խոսքերով՝ Սյուզի Կենտիկյանի օրինակը վարակիչ է ու ոգևորում է բազմաթիվ հայ աղջիկների՝ սպորտով զբաղվելու և բռնցքամարտում հաջողություններ գրանցելու համար:

Սյուզին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է 4 տարվա ընդմիջումից հետո կրկին գտնվելու հայրենիքում: Նա պատմել է իր հետագա անելիքների ու ծրագրերի մասին, մասնավորապես՝ շուտով վերսկսելու է պարապմունքներն ու պատրաստվելու է նոյեմբերին անցկացվելիք մրցումներին:
Մեր հայուհի բռնցքամարտիկը տեղեկացրել է, որ 2015 թվականի իր բոլոր մրցելույթներն ու հաղթանակները նվիրելու է Մեծ եղեռնի 100-ամյակին:

Նախարար Գ. Ղազարյանը հանդիպման վերջում Սյուզի Կենտիկյանին հանձնել է նախարարության շնորհակալագիրը՝ Հայաստանի Հանրապետությունում բռնցքամարտի զարգացման և մարզաձևի տարածման գործում մեծ ներդնում ունենալու համար ու նրա հետ եղել Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում, որտեղ նախատեսված էր Սյուզիի հանդիպումը պատանի բռնցքամարտիկների հետ: