Հայ Առաքելական Եկեղեցին Հայոց բանակի կողքին է, ինչի վկայությունն են հոգևոր սպասավորների ծառայությունը, փոքրիկ սրբավայրերի ու մատուռների կառուցումը զորամասերում, ինչպես նաև հայ հոգևորականների այցելությունները հայրենիքի առջև իրենց պարտքը կատարող զինծառայողներին:

 

Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մոտ երկու ամիս հոգևոր սպասավորություն իրականացնող Ներսես սարկավագ Ղազարյանը զորամասում իր գործունեությունը, որը բազմաբնույթ է, աշխատանք չի համարում, այլ ծառայություն:

 

«Զինվորները միանշանակ դրական են տրամադրված հոգևոր սպասավորների ներկայությանը ու ցանկացած զրույցի ժամանակ ոգևորվում ու գոտեպնդվում են: Կազմակերպվում են հոգևոր զրույցներ, ինչպես նաև այցելություններ եկեղեցի, պատարագների են մասնակցում զինվորները, ծանոթանում խորհրդին:

 

Ժամանակ առ ժամանակ կատարվում են մկրտություններ, մոտ մեկ շաբաթ առաջ 7 զինվոր մկրտվեց: Ներկայում բազմա թիվ զինվորներ, ովքեր չեն մկրտվել, ցանկանում են մկրտվել»,-Արցախի զորամասեր այցելած «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներսես սարկավագը:

 

 

Հարցին, թե ինչպիսին է եղել հոգևոր սպասավորների դերը սահմանին վերջին լարվածության ժամանակ զինվորներին գոտեպնդելու առումով' Ներսես սարկավագը պատասխանեց. «Ոչ միայն հոգևորականներն էին գոտեպնդում, այլև շատ զինվորներ կային, որ պատրաստ էին մղվելու առաջ: Ասում էին' կարող ենք գնալ ու հաղթել թշնամուն, վախ չկար, ոգևորություն կար:

 

Դարձել էր մեկ միասնական բանակ, մեծ ու փոքր չկար, նույնիսկ նորակոչիկներն էին ցանկություն հայտնում բարձրանալու դիրքեր: Եղան դեպքեր, երբ ծնողներն էին եկել ու ուզում էին կագնել իրենց որդիների ու մյուս զինվորների կողքը&ra quo;,-հայտնեց նա:

 

Ներսես սարկավագի խոսքով, բանակում էլ կան աղանդավոր զինվորներ, ովքեր հաճախ խուսափում են բաձրաձայնել այդ մասին, բայց զրույցների ժամանակ բացահայտվում է դա: «Մենք էլ փորձում ենք խուսափել սուր անկյուններ ստեղծելուց, բայց կան աղանդավորներ, ովքեր խոսելուց հետո շահագրգռվածություն են հայտնում գալ եկեղեցի, մոտ ժամանակներս էլ ցանկանում են մկրտվել»,-ասաց Ներսես սարկավագ Ղազարյանը: Նրա տեղեկացմամբ, զինվորները սրբավայրեր են կառուցում նաև մարտական հենակետերում:

 

Մի խումբ լրագրողների' դեպի Արցախ այցը գլխավորող Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով, այն առիթ էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զորակցությունը հայտնվի զինվորին, հայոց բանակին եւ սահմանապահ ժողովրդին, միեւնույն ժամանակ բոլորին փոխանցվի Վեհափառ հայրապետի օրհնությունը: «Հայ եկեղեցին երբեք չի կարող անտարբեր լինել իր զավակների, հատկապես նրանց նկատմամբ, ովքեր այսօր իրենց կյանքից առավել ուրիշների կյանքի համար են պայքարում»,-ասաց Բագրատ Սրբազանը:

 

Նրա պատգամն է, որ Աստված զինվորներին ապահովության մեջ պահի, իրար նկատմամբ մեծ սիրով լցված լինեն, երբեք առիթ չլինի, որ միմյանց նկատմամբ սխալ պատկերացում ունենան: «Մեր դիմաց ընդհանուր հակառակորդ է կանգնած, որն ամեն վայրկյան փորձում է տագնապի մատնել մեր ժողովրդին, բայց երբ նման տղաներն են կանգնած դիրքերում, ոչ ոք երբեք չի կարող խախտել հայոց անդորրը: Մեր ամեն մի զինվորը մի մեծ ոսկյա արժեք է, յուրաքանչյուրին մեծ խնամքով պետք է վերաբերվել»,-հավելեց Սրբազանը:

 

Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայողների նախաձեռնությամբ փոքրիկ եկեղեցի է կառուցվում: Զորամասի դիվիզիոնի հրամանատարի անձնակազմի հետ աշխատանքների գծով տեղակալ Վարդան Խաչատրյանի խոսքով, աշխատանքներն արդեն մեկնարկել են: «Աշխատանքը կազմակերպում ենք մենք, մեր ուժերով: Մեկնարկը երեք օր առաջ է եղել: Հիմքը մաքրել ենք, տեղն ենք բացել: Ճարտարագետը Ավետիսյան Գևորգն է' Շուշիի եկեղեցու վերանորոգողը, ով կազմել է հատակագիծը»,-ասաց Վարդան Խաչատրյանը: Աշխատանքը կատարելու են զինվորները:

 

«Փոքրիկ եկեղեցում կանցկացվեն չկնքված զինվորների մկրտություններ, ինչը դաստիարակության մի տարբերակ է»,-ասաց նա:
Այցն Արցախ կազմակերպվել է Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայաստանյան «World Vision» կազմակերպության: