Մինսկում կայացած ՌԴ-Ուկրաինա-ԵՄ ղեկավարների հանդիպումն, ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի, ներկայացրեց մի շարք ձեւաչափեր եւ դիրքորոշումներ, որոնք կարեւոր են ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մարգարովը կարեւորում է, որ հանդիպման արդյունքներից մեկը' հետագայում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը վերաբերելու է միայն ՌԴ-ին եւ Ուկրաինային, իսկ բանակցությունների կազմակերպումն ու կարգավորումը կկատարվի ԵԱՀԿ-ի շրջանակներում:

 

Ըստ քաղաքագետի, հանդիպման կարեւորագույն արդյունքներից մեկն էլ այն է, որ փաստվեց' ԵՄ-ն ՌԴ-ին տեսնում է պոտենցիալ գործընկեր, որի մասնակցությունը տարբեր գործընթացներում կարեւորում է եւ առանց նրա մասնակցության մի շարք հակամարտություններ հնարավոր չի լինի կարգավորել:

 

«Մինսկում կայացած հանդիպման նպատակն էր, որ կողմերը նվազեցնեն առկա լարվածությունը: Կարեւոր է նոր ձեւաչափը, որը ներառում է Ուկրաինան եւ ՌԴ-ն ԵԱՀԿ միջնորդությամբ, որպես հակամարտության կարգավորող կողմ: Կողմերը տեսնում են, որ հակամարտության արդյունքը բերում է լուրջ քաղաքական եւ տնտեսական վնասներ, որոնք ազդում են թե՛ ՌԴ-ի, թե՛ Ուկրաինայի վրա»,- ասաց Մարգարովը' հավելելով, որ դեռեւս հստակ չէ, թե հակամարտության կագավորումը որ ճանապարհով կգնա եւ ինչպիսի մոտեցում կընտրվի:

 

«Դոնեցկի եւ Լուգանսկի ղեկավարների մոտ ախորժակները գնալով բացվում են եւ նրանք խոսում են ոչ թե ֆեդերալացման, այլ անկախ կարգավիճակի ձեռք բերման մասին: Այս պարագայում կարեւորն այն է, թե ինչ մոտեցում կընտրվի: Արդյո՞ք ՌԴ-ն կգնա Ուկրաինայի պոտենցիալ մասնատման, թե կնախընտրի կառուցողական երկխոսությունը խնդրի կարգավորման համար:

 

Հենց այս մոտեցումների ընտրությունն էլ կբերի հակամարտության կարգավորման ավելի գործնական փուլին»,-ասաց քաղաքագետը' հավելելով, որ, այնուամենայնիվ, կարգավորման համար կպահանջվի հսկայական ժամանակ:

 

Օգոստոսի 26-ին Մինսկում կայացել է ՌԴ-ԵՄ-Ուկրաինա հանդիպումը, որի շրջանակներում բանակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: