Ադրբեջանի ընդդիմադիր կազմակերպությունների «Ազգային խորհուրդ» միավորման մամուլի ծառայության ղեկավար, ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ Օգթայ Գյուլալիեւը moderator.az-ին տված հարցազրույցում բացահայտել է վերջին շրջանում այդ երկրում իրավապաշտպանների եւ հասարակական ակտիվիստների դեմ աճող ճնշումների պատճառները, հաղորդում է «Արմենպրես»-ը:

 

«Կասկած չկա, որ այդ ձերբակալությունները կապված են մարդկանց հասարակական-քաղաքական ակտիվության, հետեւողական, սկզբունքային պայքարի հետ: Այդ մարդիկ լուրջ քայլեր են կատարել ինչպես մարոդւ իրավունքների պաշտպանության, քաղբանտարկյալների խնդիրները օրակարգ բերելու, այնպես էլ այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Իշխանությունը չի ցանկանում, որ Ադրբեջանում Եվրոպական երիտասարդական խաղերի անցկացման շեմին անցանկալի իրավիճակ ստեղծվի, ինչպես դա տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2012»-ի անցկացման ժամանակ:

 

Այն ժամանակ Ադրբեջանում մի շարք միջոցառումներ անցկացվեցին, իսկ իշխանության բարձրաստիճան մի ներկայացուցիչ այդ ակցիաների հետ կապված ասել էր, որ վերջին տարիներին ընդդիմության կողմից իշխանությանը չհասցված հարվածը հասցրեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: «Այսօր իշխանությունը խիստ վախենում է նմանատիպ հարվածներից եւ այդ պատճառով էլ դաժան ռեպրեսիվ միջոցառումներ է կյանքի կոչում», -ասել է Գյուլալիեւը: