ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը քայլեր է ձեռնարկում հանրապետության բոլոր մարզերը փրկարարական և հրշեջ նոր մեքենաներով ապահովելու համար: Այս մասին ֆրանսիական «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից նվիրաբերված փրկարար մեքենաների ցուցադրության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

 

«Մենք ցանկանում ենք բոլոր մարզերը համալրել նոր մեքենաներով: Եվ պետք է ասեմ, որ միայն մեքենաներով չենք բավարարվելու, այլ նաև հասնելու ենք մարզերում տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

 

Նա ընդգծեց, որ ֆրանսիական կազմակերպության կողմից նախարարությանը նվիրաբերված բոլոր մեքենաները կտեղափոխվեն մարզեր: «Մենք որոշել ենք այս մեքենաներն ուղարկել լեռնային մարզեր: Արդեն քննարկում ենք, թե որ շրջաններ ենք ուղարկելու: Կարծում եմ, սահմանամերձ շրջաններ կուղարկենք, որտեղ անտառայն հրդեհներ շատ են լինում»,- ասաց Երիցյանը:

 

Նա ընդգծում է, որ սա ընդամենը առաջին քայլն է, և մարզերը նոր մեքենաներով համալրելու գործընթացը լինելու է շարունակական: «Այս մեքենաները նաև ամենագնացներ են և պետք են գալու ոչ միայն հրդեհների ժամանակ, այլ նաև ձմռանը արտակարգ պատահարների դեպքում: Մարզերում էլ դեռևս կան հին ժամանակներից մնացած մեքենաներ, որոնք արդեն փոխելու կարիք ունեն: Մենք կամաց-կամաց գնում ենք այդ փոփոխությունների ճանապարհով»,- եզրափակեց նախարարը:

 

«Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերվել է 4 «Ռենո» մակնիշի հրշեջ մեքենա' հրշեջ գույքով, 1 «Ռենո» մակնիշի փրկարարական մեքենա' փրկարարական գույքով, 1 «Պեժո» մակնիշի շտապօգնության մեքենա' շտապօգնությզն գույքով, 1 «Opel Vivaro» մակնիշի կապի կառավարման ավտոմեքենա, 3000 լիտր փրփրահեղուկ, հրշեջ-փրկարարական հանդերձանք: