Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վարկանիշը վերջին մի քանի ամսվա ընթացքում ընկել է 10 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) հարցման արդյունքներին, որոնք հրապարակվել են օգոստոսի 27-ին:

 

«Ձեզ դուր է գալիս արդյոք Իրակլի Ղարիբաշվիլին» հարցին դրական պատասխան է տվել հարցվածների 54 տոկոսը, բացասական՝ 18 տոկոսը: Հարցման մասնակիցների 19 տոկոսը որոշակի դիրքորոշում չունի այդ հարցում, 1 տոկոսը հայտարարել է, որ ընդհանրապես չի լսել Ղարիբաշվիլիի մասին, իսկ 8 տոկոսը հրաժարվել է պատասխանել:

 

Ընթացիկ տարվա ապրիլին անցկացված համանման հետազոտության տվյալների համաձայն՝ Ղարիբաշվիլիի վարկանիշը կազմում էր 64 տոկոս:

 

«Հասարակական տրամադրությունը Վրաստանում» սոցիոլոգիական ուսումնասիրությունն հանրապետության ամբողջ տարածքում անցկացվել է այս տարվա հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 7-ը: Հարցմանը մասնակցել է 3 հազար 338 մարդ, վիճակագրական սխալանքը կազմում է 2,9 տոկոս: Վրաստանում NDI-ի հետազոտությունը ֆինանսավորում է Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SIDA): Հարցումներն անցկացնում է Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը: