Ուկրաինայում անհրաժեշտ է մտցնել ռազմական դրություն, ստեղծել գլխավոր հրամանատարի ռազմակայան, իսկ «նախագահն իր ձեռքը պետք է վերցնի երկրի պաշտպանության կառավարման բոլոր լծակները»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ օգոստոսի 28-ին հանդես է եկել «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանություններին անհրաժեշտ է անհապաղ փոխել մարտավարությունը, ռազմական դրություն մտցնել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում, ինչի համար հարկավոր է շտապ կարգով Գերագույն ռադայի նիստ գումարել:

 

Տիմոշենկոյի կարծիքով՝ վերը նշված բոլոր միջոցառումները «մեզ հնարավորություն կտան հստակորեն կոորդինացնել մեր գործողությունները, գործել արդյունավետ ու վճռականորեն»:

 

Ավելի վաղ, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել Կիևի արևմտյան գործընկերներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ: «Անհրաժեշտ եմ համարում, որ մեր արևմտյան գործընկերները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարեն: Ռուսաստանն էականորեն ավելացրել է ռազմական ներկայությունն Ուկրաինայում»,- հայտարարել է Յացենյուկը:

 

«Ցավոք, սահմանված պատժամիջոցներն արդյունք չեն տվել Ուկրաինայի իրադրության ապաէսկալացման հարցում: Այս պայմաններում ռուսական ագրեսիան զսպելու հավանական բաղադրիչներից մեկը պետք է դառնա ռուսական բոլոր ակտիվների սառեցման հարցը և բանկային բոլոր տրանզակցիաների դադարեցումը»,- ասել է Յացենյուկը:

 

Ինքնահռչակ Դոնեցի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայիններին հաջողվել է հակահարձակման անցնել Ուկրաինայի հարավ-արևելքում: Նախօրյակին նրանք գրավել են Նովոազովսկը և այժմ պնդում են, որ մի քանի օրից կկարողանան գրավել Մարիուպոլը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: