Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել Կիևի արևմտյան գործընկերներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:

 

«Անհրաժեշտ եմ համարում, որ մեր արևմտյան գործընկերները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարեն: Ռուսաստանն էականորեն ավելացրել է ռազմական ներկայությունն Ուկրաինայում»,- հայտարարել է Յացենյուկը:

 

«Ցավոք, սահմանված պատժամիջոցներն արդյունք չեն տվել Ուկրաինայի իրադրության ապաէսկալացման հարցում: Այս պայմաններում ռուսական ագրեսիան զսպելու հավանական բաղադրիչներից մեկը պետք է դառնա ռուսական բոլոր ակտիվների սառեցման հարցը և բանկային բոլոր տրանզակցիաների դադարեցումը»,- ասել է Յացենյուկը:

 

Ինքնահռչակ Դոնեցի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայիններին հաջողվել է հակահարձակման անցնել Ուկրաինայի հարավ-արևելքում: Նախօրյակին նրանք գրավել են Նովոազովսկը և այժմ պնդում են, որ մի քանի օրից կկարողանան գրավել Մարիուպոլը:

 

Օգոստոսի 27-ի երեկոյան ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին հայտարարել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է Ուկրաինայի հարավ-արևելքում աշխարհազորայինների հակահարձակման վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ: